ՀՀԿ-ն գնում է վտանգավոր սադրանքի. զինված ապստամբության արատավոր էֆեկտը

ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը ասուլիսով արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Շահնազարյանի ավելի վաղ արած հայտարարությունների վերաբերյալ հարուցվում է քրգործ՝ պետական դավաճանության հատկանիշով, ինչի համար Շահնազարյանը ըստ էության մեղադրել էր Նիկոլ Փաշինյանին: ԱԱԾ-ն Դավիթ Շահնազարյանին հրավիրել էր բացատրություն տալու: Շահնազարյանը հրաժարվել է գնալ ԱԱԾ, փոխարենն ասուլիսով կրկնել է իր մեղադրանքները և ըստ էության առավել կոշտ ու նկատելի սադրիչ տոնով:

Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, այսօր առաջին դեմքերի մակարդակով բանավեճ է Հանրայինում: Հատկանշական է, որ եզրագծից առաջ ՀՀԿ-ն գործնականում գերլարում է իրավիճակը, այն էլ այնպիսի թեմայով դաշտ ներմուծվող տեղեկատվաքարոզչական հնարքների և թերևս առանց չափազանցության սադրանքների տարրեր պարունակող հայտարարությունների տեսքով, որոնք վերաբերում են Արցախի խնդրին, պետական անվտանգությանը և անգամ Արցախյան առաջին պատերազմին:

Թե այս ամենը Հայաստանի դեմ արտաքին քաղաքական պաշարի ինչպիսի բաժին թույլ կտա կուտակել Ադրբեջանին՝ այլ հարց է, որը լուռ փորձում է հետևել և չխանգարել իր, այսպես ասած, նախկին բանակցային գործընկերներին վա-բանկ գնալ Հայաստանի այն առավելությունը չեզոքացնելու հարցում, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ստացավ Հայաստանը Բաքվի նկատմամբ:

Ներկայումս, սակայն, ակնառու է մի բան, որ Հանրապետական կուսակցությունը առանց այդ էլ բավականին թեժ քարոզարշավը արդեն փորձում է տանել լարվածության՝ ըստ երևութին մինչ այդ արձանագրելով, որ Փաշինյան-ՀՀԿ դիմակայություն հաղորդելու մարտավարությունը ստացվեց, իսկ ակնկալվող արդյունքը՝ ոչ, և հիմա արդեն գործի են դրվում տեխնոլոգիաներ, որոնք ակնհայտորեն միտված են իշխանությանը, այսպես ասած, կոշտ քայլերի մղելու և դրա հիմքով արդեն վտանգավոր լարվածություն առաջացնելու ուղղությամբ:

Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ըստ էության «զինված ապստամբության» է գնում, պարզապես առայժմ ոչ թե զենքով զինված, այլ պետական անվտանգությանն ուղղակի առնչվող թեմաների շուրջ մշակված մանիպուլյացիաներով, որոնք իրենց արտաքին քաղաքական, այսպես ասած, «էֆեկտի» առումով գործնականում ունեն այն նույն վտանգավոր ներուժը, որը, օրինակ, կարող է ունենալ երկրի ներսում զենքով լարվածություն առաջացնելու որևէ գործողություն:

https://www.1in.am/2472016.html

Be the first to comment on "ՀՀԿ-ն գնում է վտանգավոր սադրանքի. զինված ապստամբության արատավոր էֆեկտը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ