Գաղտնի որոշումն ու թիրախ դառնալու վտանգը

Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ սկանդալային, բայց ոչ անակնկալ նորություն ի հայտ եկավ…

Ռուսաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Սիրիայում մարդասիրական առաքելությանը մասնակցելու համար: «Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին», – ասել է Սերգեյ Շոյգուն օրերս Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը: Շոյգուն ընդգծել է, որ այդ օգնությունը առավել կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց չեն տեսել նորմալ, խաղաղ կյանք և 5-7 տարի զրկված են եղել դպրոց գնալու հնարավորությունից. «Այս մարդասիրական առաքելությունը, անշուշտ, էական ներդրում էր տեղում բնականոն կյանքը վերականգնելու գործում»:

Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ընդգծելով, որ հայաստանյան մարդասիրական առաքելությունը Սիրիա է հասել ռուսական կողմի աջակցությամբ: Ըստ ռուսական աղբյուրների, Տոնոյանը ասել է, թե Ռուսաստանը նպաստում է հետպատերազմյան Սիրիայի վերականգնմանը. «Կարծում եմ՝ Հայաստանի մասնակցությունը այդ մարդասիրական գործողությանը շատ կարևոր է: Շատ կարևոր է օգնել Սիրիայի ժողովրդին, որի մի մասը հայկական համայնքն է»: Բացի այդ, Տոնոյանը պնդել է, թե ռուսական ուժերը մեծ դեր են խաղում Հարավային Կովկասում հակամարտությունների վերսկսման վտանգը նվազեցնելու գործում. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերություններում ձեռք բերված մակարդակը, հատկապես՝ ռազմական ոլորտում: Ես վստահ եմ, որ ՌԴ զինված ուժերը շատ մեծ դեր են խաղում տարածաշրջանում լարվածությունը մեղմելու, ռազմական գործողությունների վտանգը նվազեցնելու հարցում»:

Սիրիայում համատեղ իրականացվող մարդասիրական առաքելությունից բացի Տոնոյանն ու Շոյգուն քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր: Շոյգուն ընդգծել է՝ Հայաստանը Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է Հարավային Կովկասում: «Մենք դա մեկ անգամ չէ, որ հավաստել ենք մեր գործողություններով, համատեղ ծրագրերով ու միջոցառումներով, որոնք իրականացնում ենք բավականին հաջող՝ արդեն տևական ժամանակ: Խոսքը և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական համագործակցության մասին է», – ասել է Շոյգուն: Նա հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է՝ Մոսկվան ու Երևանը մտադիր են է՛լ ավելի ընդարձակել ռազմական համագործակցությունը: «Հուսով եմ, որ մենք այսօր Ձեզ հետ հերթական փաստաթուղթը կստորագրենք, որը թույլ կտա ընդարձակել մեր դաշնակցային համագործակցության շրջանակը», – ասել է Սերգեյ Շոյգուն:

Ստորագրվելիք փաստաթղթի վերաբերյալ մանրամասներ, սակայն, ոչինչ չհաղորդվեց: Սակայն, ինչ հաղորդվեց՝ արդեն իսկ բավարար է հարցադրումներ անելու, թե Հայաստանն ի՞նչ քայլի է դիմել, ու առավել կարևոր է հասկանալ, թե՝ ինչի՞ դիմաց…

Կան վերլուծություններ, թե Հայաստանի կողմից «սիրիական առաքելությունը» ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի վրա: Միթե այստեղ վտանգներ չկա՞ն, որ իշխանությունները համաձայնել են այս քայլին: Հաշվի առնվե՞լ են ՀՀ ազգային անվտանգության առնչությամբ մտահոգությունները։ Ավելի պարզ ասած՝ Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունը կարող է իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ընդունվել որպես մեղմ ասած՝ սխալ քայլ։ Իսկ դրա արդյունքում Հայաստանը կարող է թիրախում հայտնվել։

Այսինքն, Հայաստանի իշխանությունների կողմերից համապարփակ ձևով վերլուծվել է և եկել են եզրահանգման, որ Հայաստանի կողմից նման քայլն ավելի ձեռնտու է, քան՝ այդ քայլին չգնա՞լը… Եթե այս ամենը վերլուծվել է իշխանության կողմից, ապա թող ներկայացնեն հասարակությանը:

Փոխարենը իշխանությունները փորձում են ներկայացնել, որ հայկական խումբը Սիրիայում է հայտնվել դեռ նախկին իշխանության օրոք, մասնավորապես 2001թ. Հայաստանի և Սիրիայի Պաշտպանության նախարարությունների միջև կնքած ինչ-որ համաձայնագրի արդյունքում: Այսինքն, մեղքը բարդում են՝ նախկին իշխանության վրա: Դրա հետ միասին մեկը նշում է՝ թե՛ բանավոր, մյուսը՝ գրավոր խնդրանքով է ուղարկվել խումբը: ՀՀ ՊՆ-ից ասել են. «Օժանդակելու որոշումը կայացվել է հաշվի առնելով նաև սիրիական կողմի գրավոր խնդրանքները», մինչդեռ Փաշինյանի մամուլի քարտուղարն այլ բան է ասել՝ «բանավոր մակարդակով»: Սակայն փաստը հետևյալն է՝ հայկական հումանիտար առաքելությունն հիմա է մեկնել Սիրիա, ոչ թե նախկին իշխանության օրոք:

Ինչո՞ւ այդ հարցը չքննարկվեց ԱԺ-ում, չքվեարկվեց, բանավեճ չանցկացվեց..

Այսպես թաքուն, ծածուկ ամեն ինչ որոշվեց ու վե՞րջ…

Այսպե՞ս են պետության անվտանգությանը վերաբերող կարևոր հարցերն այսուհետ լուծվելու…

Թամար Բագրատունի

http://hayeli.am/article/1146683

Be the first to comment on "Գաղտնի որոշումն ու թիրախ դառնալու վտանգը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ