«Բերանից արյուն էր հոսում…». Բալահովիտում «Օպելը» մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխային ու նրա 67-ամյա պապիկին

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

23-ամյա Գեղամ Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկու մարդու մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 17-ն անց 40-ի սահմաններում վարելով հաց տեղափոխող «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենան, Գեղամ Գ.-ն, 50-55 կմ/ժ արագությամբ ընթացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի կենտրոնական ավտոճանապարհով դեպի Երևան:

Գյուղի մթերային խանութի դիմաց Գեղամ Գ.-ն, թույլ տալով ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից ժամանակին չի արգելակել, միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու, արագությունը նվազեցնելու ուղղությամբ, նույն արագությամբ շարունակել է ընթացքն ու վրաերթի է ենթարկել 67-ամյա պապին ու նրա 2 տարեկան թոռնիկին: Ստացած վնասվածքներից պապն ու թոռը մահացել են…

Ամբաստանյալ Գեղամ Գ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ցավում է կատարվածի համար, ներողություն է խնդրում, բայց ինքը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը…

Ամբաստանյալը հայտնել է, թե դեպքի պահին ինքն ընթանում էր դեպի Երևան, գտնվում էր Աբովյան-Բալահովիտ խաչմերուկում: Մեքենան վարել է 50-55 կմ/ժ արագությամբ: Ինքը հաց էր բաժանում խանութներին, բայց այդ պահին մեքենան դատարակ էր, գնում էր խանութներից գումարները հավաքելու: Իր մեքենայի առջևից դեղին ավտոբուս էր ընթանում: Երբ հասել է բենզակայանի մոտ, իր համար շատ անսպասելի՝ իր մեքենայի առաջ հայտնվել են տուժողները: Դեպքն այնքան անսպասելի է եղել, որ ինքը չի հասկացել՝ ինչ է կատարվում: Կանգնեցրել է մեքենան, գնացել, գրկել է ընկած երեխային, պատահական մեքենայով հասցրել է հիվանդանոց: Այդ ընթացքում զանգել է ծնողներին, ասել է, որ դեպք է կատարվել: Ծնողները եկել են հիվանդանոց:

Շտապօգնության մեքենայով հիվանդանոց են բերել նաև երկրորդ տուժողին՝ պապիկին: Երբ իրեն ասել են, որ երեխան մահացել է, ինքը հոր հետ ներկայացել է ոստիկանության Աբովյանի բաժին:

Ամբաստանյալը պնդել է, թե ինքը տուժողների վազքի սկզբնապահը չի նկատել, երբ տեսել է, նրանց ու մեքենայի հեռավորությունը 3-4 մետր էր:

Գեղամ Գ.-ն անհամաձայնություն է հայտնել դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը կազմած փորձագետին՝ ասելով, թե եզրակացության մեջ նշված ելակետային տվյալները սխալ են՝ երեխան 45 մետր հեռավորությունից չի վազել, նա սկզբում վազում էր… ճամփեզրով, որը թույլատրելի է… Ինքը չէր կարող ենթադրել, որ երեխան ճանապարհի երթևեկելի մաս դուրս կգա, իր ուշադրությունը սևեռված է եղել երթևեկությանը…

Պետք է ասել, որ խոսքը 2 տարեկան երեխայի մասին է…

Ամբաստանյալը նաև նշել է, թե նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ շփոթված է եղել, կարող էր սխալ տվյալներ հայտնած լինել:

Նախաքննական ցուցմունքում Գեղամ Գ.-ն հայտնել է, թե ինքն անցել է Բալահովի գյուղի լուսաֆորը, իր երթևեկության համար խոչընդոտներ չեն եղել: Երբ մնացել է մոտ երկու հարյուր մետր, որ հասնի ավտոճանապարհի աջ մասում գտնվող՝ զոհված ազատամարտիկների հուշաքարին, նկատել է, որ հուշաքարի կողքին գտնվող կանգառում մարդիկ են կանգնած: Հանկարծ արևի շողն ընկել է աչքերին, ինքը սկսել է իջեցնել մեքենայի «արևիկը», այդ ժամանակ մոտ երկու վայրկյան ուշադրությունը շեղել է ճանապարհից ու երթևեկությունից: Իսկ երբ նայել է ճանապարհին, տեսել է, որ մի երեխա վազում է դեպի ավտոճանապարհ, երեխայի հետևից էլ մի տղամարդ էր վազում: Երբ երեխային տեսել է՝ մինչև նրան հասնելը մոտ չորս մետր էր մնացել: Ինքը չի հասցրել արգելակել, մանևրել է, բայց մեքենայի առջևի հատվածի միջնամասով հարվածել է երեխային, վրաերթի է ենթարկել նաև տղամարդուն…

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո ամբաստանյալը խնդրել է այն հիմք չընդունել, ինքը նախաքննության ժամանակ «շոկի մեջ» է եղել, ով կողքից ինչ ասել է, ինչ իր մտքով անցել է՝ ինքը գրել է…

Տուժող երեխաների իրավահաջորդը՝ Հակոբ Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրը ընտանիքի անդամների հետ տանն է եղել: Իր ծնողները որոշել են իր երեխաներին տանել գազանանոց: Դուրս են եկել տանից, բայց քիչ հետո հորաքրոջ տղան զանգել ու ասել է՝ շտապ գնա հիվանդանոց: Տուն է եկել է մայրը՝ մեծ տղայի հետ, ու ասել է, որ հայրն ու փոքր տղան ընկել են մեքենայի տակ…

Հիվանդանոցում ինքը տեսել է երեխային, նա չէր շնչում: Հորը հաջորդ օրը ծանր վիճակում տարել են Երևան, բայց նա էլ է մահացել: Ինքն իմացել է, որ երեխան վազել է, հայրը վազել է երեխայի հետևից, եկող մեքենան շատ արագ է ընթացել ու նրանց վրաերթի է ենթարկել:

Տուժողի իրավահաջորդը պնդել է քաղհայցի պահանջը, նշել է, թե ամբաստանյալը կամ նրա հարազատները դեպքից հետո չեն եկել, չեն ցավակցել, նյութական աջակցություն ցույց չեն տվել… Ինքը վարորդ է, հասկանում է, որ վրաերթը կատարած վարորդը խախտում է թույլ տվել…

Տուժողի իրավահաջորդի մայրը հայտնել է, թե ամուսնու հետ երկու թոռներին տանում էին գազանանոց: Կանգառում մեծ թոռնիկը ջուր է ուզել, մոտեցել է ցայտաղբյուրին, ինքն էլ է մոտեցել, լվացել է երեխայի ձեռքերն ու երեսը: Հետո շրջվել ու տեսել է, որ ամուսինն ու փոքր թոռը ասֆալտին ընկած են: Վրաերթի պահն ինքը չի տեսել, արգելակման ձայն չի լսել, վազելով մոտեցել է թոռանը, գրկել է, սեղմել է կրծքին: Երեխայի բերանից արյուն էր հոսում… Ինքը գոռում էր, օգնություն էր կանչում: Անծանոթ մարդիկ ինչ-որ մեքենայով երեխային տարել են հիվանդանոց, ինքը վրաերթ կատարած մեքենայի վարորդին չի տեսել: Նա չի եկել, իրենց չի ցավակցել…

Դատարանը հաստատված է գնահատել Գեղամ Գ.-ի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով:

Գեղամ Գ.-ն դատապարտվել է 5 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Գեղամ Գ.-ից հօգուտ տուժող ընտանիքի՝ կբռնագանձվի 2 միլիոն 518 հազար դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի հատուցում:

Գեղամ Գ.-ից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 207 հազար 932 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով՝ Գեղամ Գ.-ին դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ դատարանում ներկայացնելով բողոքի հիմնավորումները՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալի տված հակասական ցուցմունքների վրա՝ նշելով, որ փոփոխելով ցուցմունքները՝ Գեղամ Գ.-ն ձգտել է պատասխանատվությունը մեղմացնել: Կատարվածի մեղքը ի վերջո նա գցել է տուժողների վրա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, բողոքելով առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված մեղմ պատժի դեմ, նշեց, թե դատավճռի հրապարակման պահին, ճիշտ է, Համաներման ակտը դեռ ընդունված չէր, բայց դատարանը գիտեր, որ այն շուտով ընդունվելու է: Դատավճռում արձանագրելով, թե պատժի նպատակներին այս գործով հնարավոր է հասնել միայն ամբաստանյալի կողմից իրական պատիժ կրելու դեպքում, միաժամանակ դատարանն այնպիսի պատիժ է սահմանել՝ 5 տարի ազատազրկում, որ Համաներման ակտի կիրառմամբ ամբաստանյալը հնարավորություն կարող էր ստանալ ազատվելու պատժի կրումից: Դատարանը սահմանել է մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված նվազագույն պատժին՝ 4 տարի ազատազրկմանը մոտ պատիժ՝ անտեսելով, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, բացի այդ՝ դեպքից բավական ժամանակ է անցել, իսկ պատճառված նյութական վնասը հատուցելու ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Դատավճռի հրապարակումից հետո էլ է ժամանակ անցել, դատարանի բավարարած քաղհայցի գումարից անգամ մեկ դրամ չի հատուցվել: Հաշվի չի առնվել, որ նույն ընտանիքից երկու մարդ է մահացել, տուժող ընտանիքը շատ ծանր կորուստ է կրել… Կատարածի համար Գեղամ Գ.-ն, տուժողի իրավահաջորդի ու նրա ներկայացուցչի պահանջով՝ պետք է իրական ազատազրկում կրի՝ միայն այդ կերպ է հնարավոր հասնել սոցիալական արդարության սկզբունքի պահպանմանը:

Տուժողի իրավահաջորդը միացավ իր ներկայացուցչի պահանջին:

Գործով մեղադրող դատախազը, չնայած վերաքննիչ բողոք չէր բերել, բայց միացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքին՝ նույնպես նշելով,թե Գեղամ Գ.-ի նկատմամբ սահմանվել է ակնհայտ մեղմ պատիժ: Մեղադրողն ասաց՝ չնայած ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, բայց պաշտպանական կողմը մեղադրական դատավճռի դեմ բողոք չի բերել, ուրեմն՝ համաձայնել է դատավճռով ամբաստանյալի մեղավորության ճանաչման հետ:

Մեղադրողը նույնպես շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալը 1 դրամով անգամ չի փոխհատուցել պատճառած վնասը. «Հույսները երևի դրել են ապահովագրական ընկերության կողմից նվազագույն հատուցման վրա ու իրենք վնասը հատուցելու ուղղությամբ ոչ մի քայլ չեն արել, դա ամբաստանյալին բնութագրող հանգամանք է, նա աշխատանք ունի, կարող էր որոշակի հատուցում կատարել ծանր կորուստ կրած ընտանիքին»,- ասաց մեղադրողը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանն առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի դեմ: Նա ասաց, թե իր պաշտպանյալը դեպքից հետո գտնվել է շոկային վիճակի մեջ, հիվանդանոցում իմանալով երեխայի մահվան մասին՝ կամովին ներկայացել է ոստիկանություն:

Պաշտպանն ընդգծեց՝ օրենքով է նախատեսված՝ մեղադրյալի, ամբաստանյալի ցուցմունքները չեն կարող մեկնաբանվել ի վնաս նրա, մինչդեռ բերված բողոքի հիմնավորումներից մեկը ամբաստանյալի հակասական ցուցմունքներն են:

Պաշտպանն ընդգծեց՝ Գեղամ Գ.-ն դեպքից հետո ազատության մեջ է եղել, չի խոչընդոտել գործի քննությանը:

Պաշտպանն անընդունելի համարեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ենթադրությունը, թե դատավճռի կայացման պահին Համաներման ակտը դեռ ընդունված չէր, բայց դատարանը տեղյակ էր, որ այդ ակտը շուտով ընդունվելու է: Պաշտպանը տարակուսեց՝ ստացվում է, որ դատարանը, 5 տարի ազատազրկման դատապարտելով Գեղամ Գ.-ին, ըստ տուժող կողմի՝ «նպաստավոր պայմաններ է ստեղծել, որ անձը խուսափի քրեական պատասխանատվությունից»:

Պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի ընտանիքը դեպքից հետո փորձել է ինչ-որ կերպ՝ իրենց հնարավորությունների սահմաններում, աջակցել տուժող ընտանիքին, բայց համաձայնություն չի եղել, ավելին՝ կոնֆլիկտներ են եղել՝ ընդհուպ մինչև բռնության գործադրումը… Երկու ընտանիքները չեն կարողացել «ընդհանուր հայտարարի գալ»:

Պաշտպանը նշեց, որ դեպքը կատարվել է, որովհետև երեխան անսպասելի փողոց է վազել, իր պաշտպանյալը չի կարողացել արգելակել մեքենան:

Պաշտպանին հիշեցրին, որ պաշտպանական կողմը բողոք չի բերել, հետևաբար՝ փաստական հանգամանքները չեն կարող քննարկվել, դատավճիռը տուժող կողմն է բողոքարկել, այն էլ՝ միայն պատժի խստացման մասով:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ, այդ հիմքով ազատվել է բանակում ծառայելուց, Գեղամ Գ.-ն նոր է ամուսնացել, նա նաև փորձառու վարորդ չի եղել, ներողություն է խնդրել կատարվածի համար…

Պաշտպանը խնդրեց, որ վերաքննիչ դատարանը մերժի տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը, միաժամանակ՝ Գեղամ Գ.-ի նկատմամբ կիրառելով Համաներման ակտի համապատասխան դրույթը՝ նրան ազատի պատժի կրումից:

Դատարանը հարց ուղղեց պաշտպանական կողմին՝ տուժող կողմը առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկել է ուշացումով՝ հրապարակումից մեկուկես ամիս անց: Դատավճռի հրապարակումից օրեր անց ընդունվել է Համաներման ակտը: Ինչո՞ւ պաշտպանական կողմը չի դիմել առաջին ատյանի դատարան՝ Համաներման ակտը Գեղամ Գ.-ի նկատմամբ կիրառելու, նրան պատժից ազատելու խնդրանքով: Ըստ օրենքի՝ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր Համաներման ակտի ընդունումից հետո անդրադառնալ այս գործով դրա կիրառման հարցին:

Պաշտպանական կողմը հստակ պատասխան չտվեց:

Նույն հարցը դատարանը ուղղեց նաև մեղադրողին՝ ինչո՞ւ չի վիճարկվել դատական սխալը՝ դատարանի կողմից Համաներման ակտի կիրառման հարցին չանդրադառնալը:

Մեղադրողը խոստովանեց՝ անուշադրության պատճառով: Միևնույն ժամանակ մեղադրողն ասաց՝ իմանալով, որ տուժողի իրավահաջորդը պատժի մասով բողոքարկելու է դատավճիռը, մեղադրանքի կողմը նույնաբովանդակ բողոք չի բերել, բայց ուսումնասիրել է դատական պրակտիկան ու եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանն այս գործով մեղմ պատիժ է նշանակել:

Ամբաստանյալ Գեղամ Գ.-ն ասաց. «Ներողություն եմ խնդրում, ես չէի ուզի, որ տենց բան լինի… Ամենադաժան պատիժը մեկ ա՝ ինձ հետ ա, էն, ինչ ես տեսել եմ, դրանից ավելի ծանր պատիժ չի լինի…»:

Գեղամ Գ.-ն խնդրեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, նշեց, որ իր ընտանիքը փորձել է կարողացածի չափով աջակցել տուժող ընտանիքին, բայց իրար չեն հասկացել: Օրինակ՝ ինքն առաջարկել է գերեզմանները կառուցել՝ դա կարող էր անել պարտքերով:

Միևնույն ժամանակ դատարանի հարցին պատասխանելով՝ ամբաստանյալն ասաց, թե պարտքով չի կարող գումար վերցնել ու տալ տուժող ընտանիքին, ներկա պահին հնարավորություն չունի որևէ չափի գումար տրամադրելու և հատուցում կատարելու…

Վերաքննիչ դատարանը հնարավորություն տվեց, որ ամբաստանյալի ընտանիքը գոնե վերաքննիչում գործի քննության ընթացքում նյութական վնասի ինչ-որ չափով հատուցում կատարի՝ գոնե մասնակիորեն բավարարելով տուժող կողմի քաղհայցի պահանջը: Սակայն ամբաստանյալը դատարանի տված հնարավորությունից… չօգտվեց, միանշանակ ասաց, թե հատուցում կատարելու հնարավորություն չունի…

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան, Ռ. Բարսեղյան կազմով որոշեց՝ բավարարել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ խստացման առումով:

Գեղամ Գ.-ն մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

https://www.1in.am/2528568.html

Be the first to comment on "«Բերանից արյուն էր հոսում…». Բալահովիտում «Օպելը» մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա երեխային ու նրա 67-ամյա պապիկին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ