Բաքուն խոստովանեց հայկական օրակարգը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցությունն անիմաստ է՝ Երեւանը պնդում է Արցախի բանակցային կողմ լինելու ձեւաչափը եւ փաստացի հրաժարվում քննարկել տարածքներ հանձնելու օրակարգ: Երեւանը հարցը տանում է սառեցման, հայտարարել է Զուլֆուղարովը, ըստ այդմ անհեռանկար համարելով նախարարների մակարդակով հանդիպմանը որեւէ ակնկալիքը:

Զուլֆուղարովն իր կարծիքը հայտնել է ապրիլի 15-ին Մոսկվայում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ, թեեւ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը վերջին ամիսներին սկսել է բավական հաճախ արտահայտվել եւ կարծիքներ հայտնել Արցախի հարցի վերաբերյալ: Ընդ որում, այդ կարծիքներն ունեն Ադրբեջանի այսպես ասած պաշտոնական քաղաքականության հետ որոշակի հակադրություն, քննադատական երանգ: Կան շրջանակներ, որ դա բացատրում են Զուլֆուղարովի «վերադարձի» հավակնությամբ՝ արտգործնախարարի պաշտոնին: Դիտարկվում է նաեւ հնարավորությունը, որ նրա դիրքորոշումները Ադրբեջանի ներիշխանական որոշակի հակասությունների արտահայտություն են:

Սակայն, արժե դիտարկել թերեւս նաեւ այն տարբերակը, որ Զուլֆուղարովը դարձել է Բաքվի ոչ պաշտոնական խոսափող, որն ասում է բաներ, որոնք հնարավոր չէ ասել պաշտոնական մակարդակում, բայց միաժամանակ ասել պետք է՝ հանրային տրամադրություններն ու մթնոլորտը կառավարելու համար:

Փաստացի, պաշտոնական մակարդակում խոսելով սեփական օրակարգն առաջ մղելու հաղթական դիվանագիտության մասին,  Զուլֆուղարովի շուրթերով պաշտոնական Բաքուն բարբառում է իրականությունը, այդպիսով փորձելով վարժեցնել հանրային տրամադրությունը գործընթացի նոր ձեւավորվող օրակարգի պայմաններին, որոնք գործնականում հեռու են ադրբեջանական հռչակված օրակարգից եւ նպատակներից: Այլ կերպ ասած, Բաքուն նախկին արտգործնախարարի շուրթերով վարժեցնում է ադրբեջանական հանրության միտքն ու ականջը, այն պարագայում, երբ այդ ականջն ու միտքը գրգռում է «հաղթական» հռետորաբանությամբ:

Ադրբեջանի իշխանությունն անկարող է նահանջել դրանից, անցնող տարիներին սահմանել է շատ բարձր նշաձող, բայց միաժամանակ հասկանում է, որ 2018-ի ապրիլի-մայիսից հետո Հայաստանի սահմանած շատ բարձր նշաձողի տակ է, եւ գործընթացը աստիճանաբար անցնում է հայկական օրակարգի ներքո, նաեւ մի շարք աշխարհքաղաքական գործոններով պայմանավորված:

Այդ պայմաններում Զուլֆուղարովը փաստացի ապահովում է Բաքվի իշխանության նահանջի ճանապարհը, ասելով բաներ, որոնք պաշտոնական մակարդակում խոստովանել հնարավոր չէ, սակայն պետք է լսեցնել հանրությանը, նոր իրավիճակին աստիճանաբար վարժեցնելու համար: Առավել եւս, որ խաղաղ ինքնավստահության դիրքից Ադրբեջանի հանրության հետ ակնհայտորեն հեռակա, անուղղակի երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունը, ինչը այդ հանրության գիտակցության մեջ հարցեր է առաջացնելու սեփական իշխանության նկատմամբ:

Ընդ որում, հատկանշական է, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, խոսելով բանակցության անհեռանկարության մասին, ակնարկելով, որ այն ընթանում է փաստացի հայկական օրակարգի գերակայությամբ, չի խոսում պատերազմի մասին՝ որպես ճանապարհ բանակցության անիմաստության պարագայում:

Դա եւս հատկանշական է, ինչն անկասկած պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի իշխանությունը չունի նաեւ այդ ճանապարհը: Դա չի նշանակում, որ հրաժարվել է այդ մտադրությունից կամ ռազմավարությունից: Չի հրաժարվի երբեք, բայց առնվազն առայժմ չունի ճանապարհ:

Հայկական կողմը բնականաբար պետք է արտաքին դաշտում սեփական օրակարգն առաջ մղելուն զուգահեռ ներքին դաշտից էլ շարունակի փակել Ադրբեջանի ռազմական որեւէ հնարավորության ճանապարհ: Դա նշանակում է թույլ չտալ ռազմա-քաղաքական բալանսի խախտում, ինչպիսին թույլ տրվեց նախորդ երկու տասնամյակում, հասունացնելով Բաքվի «պատերազմի իրավունքը»: Ընդ որում, ռազմա-քաղաքական բալանսը լոկ ռազմա-տեխնիկական համեմատելիությունը չէ, այլ նաեւ մի շարք ներքին ու արտաքին քաղաքական ու տնտեսական բաղադրիչներ, այդ թվում առանցքային լայն օրակարգով երկխոսություն միջազգային եւ ռեգիոնալ անվտանգության համակարգի դերակատար այլ ուժային կենտրոնների հետ:

Առայժմ Հայաստանի ընթացքը համարժեք է, ինչն էլ պայմանավորում է իրավիճակին նախկին արտգործնախարարի համարժեք գնահատականների պարբերական առկայությունը:

https://www.lragir.am/2019/04/13/434866/

Be the first to comment on "Բաքուն խոստովանեց հայկական օրակարգը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ