Արգիշտի Քյարամյանի կնոջ միլիոնանոց օժիտը.ով է հարուստ աները

Նոր Հայաստանում հորքուրի գանձերի շարքը համալրած մինուճար քեռու գանձը՝ նույն ինքը ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, մի սկանդալից ելնում, մյուսն է ընկնում:28-ամյա երիտասարդը անցած շաբաթ հանրության ուշադրության ներքո էր հայտնվել իր փոքրիկ մուննաթի պատճառով, ասելով, թե հաշվետու չէ հանրության առաջ ու չի պատրաստվում իր միլիոնների հարցը պարզաբանել:

Սա այն պարագայում, երբ երիտասարդը իր 32 միլիոնից ավել դրամ էր հայտարարագրել, նախկինում դատախազությունում եւ իրավապահ այլ համակարգում աշխատած երիտասարդը կոռեկտ չէր համարում խոսել այդ մասին մինչ այն պահը, երբ հարցը լրագրողնեերը բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի մոտ, իսկ վերջինս էլ ասաց, որ <<Սխալ է անում>>:

Նախատինքին հաջորդեց մի սրտաճմլիկ հայտարարություն, որտեղ ՊՎԾ պետի տեղակալ, պետի ժպ Քյարամյանը մի հանրապետական պարզաբանում էր տարածել, որ իր ունեցվածքի մի մասը արտերկրում գտնվող քեռին է փոխանցել, նվիրատվություններ են արել նաեւ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հարազատները, ինքը բիզնես չունի:Հենց այդ պահից էլ նա դարձավ քեռու գանձ, քանզի միայն գանձերին է, որ այսպիսի նվիրատվություններ են արվում:

Իհարկե, այս բացատրությանը հավատացել էին միայն Փաշինյանն ու յուր թրի տակ գործող պատկան մարմինները, որոնք չեն պատրաստվում ստուգել երիտասարդի խոսքերի իսկությունը, սակայն լրագրողները մեկ շաբաթ անց էլ կառավարության նիստից հետո Քյարամյանին քրքրել են ունեցվածքի մասին հարցադրումներով՝երիտասարդ պաշտոնյանի գլխին նոր սկանդալ սարքելով: Արգիշտի Քյարամյանն նախ ասել է, որ երբ 2016 թ-ին ծառայության է անցել դատախազությունում, 2017թ-ին արդեն իսկ ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում՝շարժական ու անշարժ գույք և դրամական միջոցներ:

«Այսինքն՝ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ամբողջությամբ ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Հետագայում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այլ մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ և հետագայում ներկայացված հայտարարագրերում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- հավելելով, որ մինչև պաշտոն ունենալն ինքն այդ գույքն ունեցել է:

Որտեղից նրան այդ ունեցվածքը, ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ այն չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե չի ձևավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձևավորվել է անձնական կյանքի ընթացքում, կարծում եմ՝ այդ առումով այլևս ասելու բան չունեմ»:
Հարցին, թե բավականին մեծ կարողություն ուներ նաև իր կինը, որտեղի՞ց նրան 26 մլն դրամ և 46 հազար դոլարը, Արգիշտի Քյարամյանը նախ ասաց, որ շատ շուտ է ամուսնացել, քան որևէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ։ Կուզեի շեշտել, որ առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները ևս նշել եմ»:

Դիտարկմանը, թե արդյոք իր կինը հարուստ մարդու աղջիկ է, Արգիշտի Քյարամյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով , որ չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը։
Այսպիսով՝ երիտասարդի պարզաբանումները նոր հարցեր են առաջ բերում, կամ նրան ասել են, որ գնա մի հավատալու հեքիաթ հորինի, որովհետեւ 32 միլիոնը քեռու վրա դնելը անհավանական ժանրից է, կամ էլ Քյարամյանի աները ոմն մեծահարուստ է, ում դուստրը նույնքան միլիոններ է օժիտ տարել եւ ամենեւին պատահական չէ, որ 28 տարեկան երիտասարդն այսօր արդեն այդ պաշտոնին է:

Անի Սահակյան

https://hayeli.am/?p=132615&l=am

Be the first to comment on "Արգիշտի Քյարամյանի կնոջ միլիոնանոց օժիտը.ով է հարուստ աները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ