Արցախի իշխանության դեմարշը. ինչ է կատարվում

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որը դրանից հետո Երեւանում աշխատում էր Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունների դեսպան, ուղերձ են հղել Հայաստանի գլխավոր դատախազին: Նրանք դատախազին դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով, երաշխավորելով, որ նա լիարժեք կներկայանա գործով դատական նիստերին: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հղում են կատարում Հաղթանակի օրվան եւ ազգային միասնության կարեւորությանը:

Դրանք հայտնի, անգամ չափազանց մաշված հղումներ են նախկին իշխող համակարգի գործիքակազմում: Երբ Արցախի գործող եւ նախկին նախագահները դարձյալ դիմում են նույն գործիքին, դա նշանակում է, որ այլ բան պարզապես չունեն:

Միաժամանակ, վտանգը մեկ այլ խնդիր է: Արցախը «պարբերաբար» հռչակվում է «հակահեղափոխության օջախ», հաշվի առնելով հենց նախկին համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «պաշտպանությանն» ուղղված հայտարարությունները, որ եղել են Արցախի իշխանությունից:

Օրինակ, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը «յուղ» են լցրել այդ կրակին, հիմք տալով տարբեր շրջանակների հերթական անգամ ասելու, որ Արցախը «հակահեղափոխության օջախ» է: Իսկ այդ հայտարարությունները ոչ մեծ, բայց որոշակի ազդեցություն թողնում են հանրային տրամադրության վրա, ընդհանրապես բերելով անցանկալի մետաստազների: Թեեւ, իհարկե, սահակյան-ղուկասյանական ոճի այդ հայտարարությունների հանդեպ իր դժգոհությունն ունենում է թերեւս առաջին հերթին հենց Արցախի հանրությունը:

Ավելին, այդօրինակ ուղերձները հենց նախկին համակարգի անզորության վկայություն են, ինչն էլ թերեւս պետք է հիմք լինի Հայաստանի ու Արցախի հանրություններին դրանք ավելի հանգիստ ընկալելու, դրանց «չտրվելու» համար:

Առավել եւս, որ խոշոր հաշվով հասցեատերը հանրությունը չէ, ուղերձի հեղինակները թերեւս իրենք էլ դա գիտեն:

Ուղերձներն այլ բան չեն, քան նախկին համակարգի միմյանց հետ հարաբերության պարզաբանման գործընթացի դրվագներ, եւ այդ առումով խիստ հատկանշական է, որ ուղերձը հրապարակվում է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց Հաղթանակի օրվա առիթով նրա՝ Արցախ մեկնելու մասին: Ընդ որում, Սարգսյանը մի շարք անգամներ է մեկնել Արցախ՝ հրաժարականից հետո, բայց առաջին անգամ է, որ այդ մասին հայտարարվել է պաշտոնապես եւ վաղօրոք:

Եվ ահա, դրան հաջորդում է Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ուղերձը, առանց Սերժ Սարգսյանի: Ինչու՞ չի միացել Սարգսյանը: Նա Արցախի նախկին նախագահ չի եղել դրա՞ համար, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, թե՞ հակառակը՝ ուղերձը Արցախի գործող եւ նախկին նախագահների դեմարշն է Սերժ Սարգսյանի այցի նկատմամբ:

Իսկ գուցե Սարգսյանը վաղօրոք հայտարարելով այդ մասին, «սադրե՞լ» է այդպիսի ուղերձ: Ի վերջո, ինչու՞ է Սահակյանի եւ Ղուկասյանի ուղերձը հրապարակվում Հաղթանակի տոնից երկու օր առաջ, ինչու՞ ոչ ավելի շուտ, երբ կմնար դրա շուրջ խորհելու ժամանակ: Դա վկայում է, որ խնդիրը հենց նախկին իշխող համակարգի փոխհարաբերության շրջանակում է: Առավել եւս, որ այդ փոխհարաբերությունը ներկայում կենտրոնանում է Արցախում նախագահի եւ խորհրդարանի առաջիկա ընտրության գործընթացում, մրցակցության կամ պայքարի տեսքով:

Իսկ այստեղ հատկանշական է, որ Արցախի խորհրդարանի 2015-ի ընտրությունը հանգուցալուծվեց դարձյալ նույն կազմի բուռն քննարկումների արդյունքում, եւ այն էլ դարձյալ Հաղթանակի օրերին, երբ Ստեփանակերտ էին ժամանել Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունների դեսպան Արկադի Ղուկասյանը: Իսկ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր՝ շքերթի:

Այդ մի քանի շաբաթ տեւած թեժ քննարկումներից հետո որոշվեց, թե ինչպես են բաժանվում խորհրդարանի եւ գործադիր իշխանության տեղերը, որ թեւն ինչքան մանդատ է ստանում: Դրանից հետո ընդհանրապես օրակարգ մտավ Արցախի նախագահական իշխանությունը խորհրդարանականի վերափոխելու սահմանադրական փոփոխության հարցը, որը սակայն կտրուկ հանվեց օրակարգից ապրիլյան քառօրյայից հետո, եւ Արցախում Սահմանադրության փոփոխությամբ ներդրվեց սուպերնախագահական համակարգ՝ Հայաստանի «սուպերվարչապետականին» զուգահեռ:

Սերժ Սարգսյանը Արցախում նոր իշխանության ձեւավորման գործընթացին ընդառաջ մեկնում է Արցախ, իսկ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նրան դիմավորում են Ռոբերտ Քոչարյանի մասին հիշեցնող դեմարշով, ակնարկելով գուցե ուժերի կամ դիրքերի անհավասարության մասին: Ի՞նչ է պատրաստվում նրանց ասել Սերժ Սարգսյանն Արցախում, որ նրանք ակնարկում են անհավասարությունը:

Լուսանկարը՝ Պանարմենիանի

https://www.lragir.am/2019/05/07/441142/

Be the first to comment on "Արցախի իշխանության դեմարշը. ինչ է կատարվում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ