Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից.

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է:

Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով:

Թարմ, երբ մկանների խորքում ոչ պակաս 35օ C ջերմաստիճան է, պաղեցված, երբ մկանների խորքում ոչ պակաս 12օ C ջերմաստիճան է և սառեցված, երբ մկանների խորքում 0–ից – 4օ C է: Դրանից բացի կա նաև սառնարանային պայմաններում պահվող մսամթերք, երբ մկանների խորքում – 8օ C–ից ցածր ջերմություն է:

Պահպանման ջերմաստիճանային պայմաններից ելնելով՝ մսի պիտանելիության ժամկետները չեն կարող նույնը լինել: Եվ եթե, օրինակ, թարմ մսի պիտանելիության ժամկետը 24 ժամ է, ապա խորը սառեցվածինը կարող է ամիսներ լինել:

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ողջ աշխարհում միս արտադրողը կենդանուն սպանդի ենթարկելուց հետո պետք է դրա նպատակային օգտագործման մասին տեղեկացնի:

Եվ, ի սկզբանե, պարտավոր է դրան համապատասխան եղանակով առանց ջերմային ռեժիմի խախտման այն իրացնել:

Տնային պայմաններում սառցախցիկում պահվող միսը կարելի է ավելի երկար պահել:

Եթե խոսքը սառեցված կամ թարմ մսից պատրաստած սննդի որակին է վերաբերում, ապա ինչ խոսք, այդ երկու տարբեր ջերմային ռեժիմների պայմաններում պահված մսից պատրաստված սննդամթերքների միջև տարբերություն կա:

Խնդիրն այն է, որ սառեցված միսը հալեցնելու ընթացքում սառույցի հետ դուրս է գալիս նաև արնաջուր, ինչը մի շարք կարևոր և օգտակար նյութեր է պարունակում:

Սառեցված և թարմ մսերն իրարից տարբերելու համար Դ. Պիպոյանը խորհուրդ է տալիս այն ստուգել թարմության փոսիկ առաջացնելու միջոցով: Եթե փոսիկն արագ վերանում է, ապա դա նշանակում է, որ միսը սառեցված չի եղել:

«Բնական է, որ թարմ միսն իր օգտակարությամբ չի կարող համեմատվել սառեցված մսի հետ: Ինչ վերաբերում է, թե միսը եփելուց առաջ պե՞տք է լվանալ, թե՝ ոչ, ասեմ, որ միսը չի կարելի լվանալ, հատկապես՝ սառնարան դնելուց առաջ: Միսը համարվում է չլվացվող մթերք:

Իրականում ինչ ձևով, որ միսը ձեռք է բերվել, նույն ձևով էլ պետք է տեղակայել սառցախցիկի մեջ: Օգտագործելուց առաջ սառցախցիկից հետո պետք է տեղափոխել սառնարանային ռեժիմ, որոշ ժամանակից հետո նոր պետք է այն դուրս բերել սառնարանից և օգտագործել:

Միսը եփելուց առաջ պետք չէ հոսող ջրով լվանալ: Կարելի է նաև առաջին անգամ ջուրը եռալուց հետո մսաջուրը թափել, նոր ջուր լցնել ու շարունակել եփելու պրոցեսը»,– ասաց Դ. Պիպոյանը:

Ջուրը եռալուց հետո թափելու ժամանակ մսի մեջ առկա վնասակար նյութերը հեռացվում են և թունավոր նյութերի կոնցենտրացիան թեև չի զրոյացվում, սակայն էականորեն նվազեցվում է: Ինչ վերաբերում է հավի մսին, ապա եփելուց առաջ այն նույնպես չի կարելի լվանալ:

«Հավի արտաքին մակերևույթի վրա կարող են սալմոնելա խմբի միկրոօրգանիզմներ լինել: Եվ երբ ծորակի տակ, հոսող ջրով հավը լվանում ենք, ապա արտաքին շերտի սալմոնելաներն աղտոտում են խոհանոցի մակերեսները՝ լվացարանը, խոհանոցային տախտակները և այլ հատվածներ:

Հետագայում, երբ, օրինակ, նույն խոհանոցային տախտակներն օգտագործվում են ջերմամշակման չենթարկվող սննդամթերք կտրատելու համար, այդ դեպքում կարող են սամոնելայի միկրոօրգանիզմները աղցանի միջոցով ներթափանցել մարդու օրգանիզմ:

Ուստի հավը ջերմային մշակման ենթարկելուց առաջ նույնպես պետք չէ լվանալ»,– ասաց Դ. Պիպոյանը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի համարում:

https://www.info24.am/?p=8426&l=am

Be the first to comment on "Միսը լվանալ չի կարելի. մի քանի խորհուրդ՝ մասնագետից."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ