Եղավ այն, ինչ կանխատեսվում էր. ռազմական իրադրությունը շփման գծում գնալով սրվելու է

2018 թ. ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ընդհանուր իրավիճակը, իրադարձությունները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ և հակամարտության գոտում զարգացել են ալիքաձև տատանումներով։ Վերջին ամսվա ընթացքում՝ Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից ու հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտնի հայտարարությունից հետո, աստիճանաբար սկսեց սրվել պատերազմի հռետորաբանությունը Երևանի և Բաքվի միջև։

Իսկ վերջին օրերին քաղաքական լարվածությունը վերափոխվել է ռազմական լարվածության արցախա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում։ Ու որքան էլ ցավալի է, այնուամենայնիվ, իրականում սա բավական կանխատեսելի զարգացում է, որի մասին մեր նախորդ վերլուծություններում շատ ենք գրել։ Բայց խնդիրն այն է, որ հայաստանյան որոշ ընդդիմադիր ուժեր, մասնավորապես՝ նախկին ռեժիմի առանցքը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, այս լարվածության և սահմանում հայ զինվորի վիրավորման համար մեղադրում են գործող իշխանությանը ու հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Քաղաքական «փոխհրաձգություն» Ալիևի և Փաշինյանի միջև

Թավշյա հեղափոխության օրերին հակառակորդը՝ ադրբեջանական կողմը, չնայած որոշ փորձագետների կանխատեսումներին, չփորձեց օգտվել Հայաստանի ներքաղաքական անկայունությունից։ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո՝ հատկապես ամռան ամիսներին, հայ-ադրբեջանական հակամարտությունը սկսեց սրվել քաղաքական մակարդակում։ Փաշինյանն ու Ալիևը փոխանակվում էին սուր հայտարարություններով։ Ալիևը քննադատում էր Հայաստանի նոր ղեկավարի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, մասնավորապես այն դիրքորոշումը, որ Բաքուն պետք է ուղղակիորեն բանակցի պաշտոնական Ստեփանակերտի հետ։

Փաշինյանն էլ քննադատում էր Ալիևին ղարաբաղյան կոնֆլիկտը ներքաղաքական նպատակներով սրելու և շահարկելու համար։ Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի կեսերին։ Այդ օրերին վարչապետ Փաշինյանի որդին արդեն ծառայում էր Արցախի առաջնագծում։ Հայաստանի նոր ղեկավարը միջազգային մամուլին տված հարցազրույցներում բացատրել էր, որ դա խաղաղասիրական քայլ է իր կողմից, որովհետև հասկանալի է՝ «եթե իմ որդուն ուղարկում եմ Ղարաբաղ, ուրեմն չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսվի»։ Մինչդեռ Ալիևի որդին՝ կրստերը, սեպտեմբերին զորակոչվեց զինվորական ծառայության Բաքվի զորամասերից մեկում, ոչ թե արցախա-ադրբեջանական շփման գծում, և Փաշինյանը հրապարակային հայտարարություններով փորձեց ազդել Ադրբեջանի հանրային կարծիքի վրա՝ հայտարարելով, որ Ալիևը թքած ունի իր զինվորների վրա, որովհետև հոխորտում է Հայաստանի հաշվին, սրում է ռազմական իրադրությունը շփման գծում՝ իմանալով, որ պատերազմի դեպքում զոհվելու են «ուրիշ ադրբեջանցիների որդիները», իր որդուն ոչինչ չի սպառնում։

Դուշանբերի «ձնհալն» ու կարճատև «ջերմացումը»

Բայց շուտով իրավիճակը անսպասելիորեն ու բավական կտրուկ փոխվեց։ Սեպտեմբերի վերջին Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում-զրույց ունեցան Դուշանբեում, որտեղ մեկնել էին մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին։

Վերադառնալով Երևան՝ վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ իր և Ալիևի միջև կայացած առաջին քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք կետերի շուրջ, որոնցից առաջինն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կոնկրետ քայլեր կձեռնարկեն սահմանագծում լարվածությունն իջեցնելու ուղղությամբ: Դրանից հետո՝ շուրջ 6-7 ամիս, իրավիճակը բավական խաղաղ էր շփման գծում, և ռազմական հռետորությունն էլ գրեթե բացակայում էր։ Սա վերջին տարիների կտրվածքով ամենաերկարատև խաղաղ շրջանն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այս ընթացքում դիվանագիտական-քաղաքական որոշակի պրոցես էր ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով, բայց այս կիսապաշտոնական բանակցություններն ու քննարկումները որևէ շոշափելի արդյունք չտվեցին։ Ընդհակառակը, դրանք ավելի ակնհայտ դարձրին Երևանի և Բաքվի խոր հակասությունները բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի շուրջ։ Փաշինյանը մի քանի անգամ բարձր ամբիոններից հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի թե՛ Ադրբեջանի, թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի ժողովուրդների, և սա այն բանաձևն է, որը հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանը, բայց Հայաստանի վարչապետի այս դիրքորոշումը այդպես էլ անարձագանք մնաց Ադրբեջանի կողմից։ Բաքուն շարունակեց պնդել իր առավելապաշտական մոտեցումները՝ մերժելով ղարաբաղյան կողմի հետ ուղղակիորեն երկխոսելու առաջարկները և հայտարարելով, թե իրենք առավելագույնը կարող են ինքնավարության կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի սահմանների շրջանակներում։ Շուտով արդեն պարզ դարձավ, որ Դուշանբեի ջերմացման փուլը մոտենում է ավարտին, և պետք է պատրաստվել նոր քաղաքական և ռազմական սրացումների։

Բաքուն վերադառնում է իր ավանդական քաղաքականությա՞նը

Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքը՝ հիմնված պարզ և տրամաբանական հարցադրման վրա։ Որքան էլ անհեթեթ թվա, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի Թավշյա հեղափոխությունից հետո հստակ ուղերձներով հույս էր հայտնում, որ Հայաստանի նոր ղեկավարությունը նախորդից ավելի «կառուցողական» կլինի։ Իսկ «կառուցողական» ասելով կամ «խաղաղության» մասին խոսելով՝ ադրբեջանցիները հասկանում են մի բան՝ Ղարաբաղի հանձնում և, այսպես ասած, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնում։

Ադրբեջանը նախկինում էլ բացահայտորեն ասել է, որ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող դիվանագիտական գործընթացում ինքը միայն մեկ գերխնդիր է հետապնդում՝ «օկուպացված տարածքների վերադարձ», և եթե դա տեղի չունենա քաղաքական երկխոսության միջոցով, ապա իրենք իրավունք ունեն ուժ գործադրել և դա անել ռազմական ճանապարհով։ Ըստ երևույթին, հաշվի առնելով Փաշինյանի ավելի ազատական, դեմոկրատական հայացքները և նրա նախկին կապերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Բաքվի ռեժիմը հույս է ունեցել, որ կկարողանան որոշակի զիջումներ կորզել Հայաստանի նոր ղեկավարից։ Բայց Փաշինյանը շուտով հասկացրեց, որ որևէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել՝ պատրա՞ստ է փոխզիջումների, թե՞ ոչ։

Այստեղից արդեն տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ կանի Ադրբեջանը, ի՞նչ մարտավարություն կորդեգրի. կփորձի՞ պահպանել Հայաստանի հետ վերջին ամիսներին ձևավորված քիչ թե շատ կառուցողական երկխոսությունը, թե՞ կվերադառնա իր ավանդական քաղաքականությանը կամ, ինչպես վերլուծաբաններն են հաճախ ասում, «ռազմական դիվանագիտությանը»՝ ուժի և սպառնալիքի կիրառմանը, սահմանային գոտում լարվածություն հրահրելու, հայկական կողմին կորուստ պատճառելու միջոցով թե՛ Հայաստանի որոշում կայացնողների, թե՛ բնակչության տրամադրությունների և թե՛ դիվանագիտական պրոցեսի վրա ազդելու փորձերին։

Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը (հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 գնդակ) և մայիսի 4-ին գրանցված դեպքը՝ հայ զինծառայողի վիրավորումը[1], խոսում են այն մասին, որ Ադրբեջանն իսկապես կարող է վերադառնալ իր ավանդական քաղաքականությանը, ինչից հայկական կողմը, բնականաբար, պետք է համապատասխան եզրակացություններ անի։

Փաշինյանը մեղավո՞ր է

Ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր զարգացման և պատերազմի ռիսկերի գնահատման հետ մեկտեղ անդրադառնանք նաև հայ-ադրբեջանական ռազմական լարվածության ներքաղաքական ասպեկտին։ Նույն օրը՝ մայիսի 4-ին, իր ֆեյսբուքյան էջում խիստ վիճահարույց գրառում է արել նախկին վարչակարգի կարկառուն ներկայացուցիչ, ՀՀ Կրթության և գիտության նախկին նախարար և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ գրելով, թե «մեկդ վարչապետին ուտել-խմելու միջոցառումներից կտրեք, բերեք-նստացրեք իր բուն գործին։ Ձեր կողմից լեգիտիմ հայտարարված Ալիևի ու դատարկ «խաղաղասիրության» ձախողված օրակարգի գինը վճարում է մեր բանակը»։

Բայց ճի՞շտ է արդյոք սահմանային այս լարվածությունը պատճառաբանել երկրի նոր ղեկավարության դիվանագիտական քաղաքականությամբ։ Հարցն ավելի հետաքրքիր երանգներ է ստանում այն դեպքում, երբ հիշում ենք, որ քննադատողը նախկին իշխանության կարկառուն դեմքերից է՝ այն իշխանության, որի կառավարման տարիներին, մեղմ ասած, լուրջ բացթողումներ ենք ունեցել անվտանգության ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության և նույնիսկ սպառազինության մեջ։ Իսկ եթե խոսում ենք զուտ կորուստների մասին, ապա Հանրապետական կուսակցության կառավարման երկարատև շրջանի ընթացքում հայկական կողմը տարեկան տասնյակ մարտական կորուստներ է ունեցել։ Հիշենք թեկուզ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում հայկական բանակը ավելի քան 100 քաջարի մարտիկ կորցրեց։

 

Սրացումը սպասելի էր, հետագա լարվածությունը՝ անխուսափելի

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը ևս խիստ կանխատեսելի է համարում իրավիճակի սրացումը և հրադադարի ռեժիմի խախտումների ինտենսիվացումը արցախա-ադրբեջանական շփման գծում։ Ինչ վերաբերում է Աշոտյանի հնչեցրած մեղադրանքներին՝ ռուսաստանցի փորձագետը համաձայն չէ, որ տեղի ունեցածը Փաշինյանի մեղքն է։

«Փաշինյանը որևէ մեղք չունի այստեղ։ Իրավիճակի սրացումը սպասելի էր։ Այն, որ բավական երկար ժամանակ իրավիճակը բավական խաղաղ էր, ոչ թե Փաշինյանի հետ էր կապված, այլ Բաքվի այն հույսերի, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իրենք կարող են ինչ-որ զիջումների հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Բայց զիջումներ չեղան, ուստի Փաշինյանին մեղադրելու հիմքեր չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սկակովը։

Այն, որ այս սրացումը տեղի էր ունենալու, Սկակովի կարծիքով, սպասելի էր, ինչպես և անխուսափելի է այն, որ այս լարված վիճակը հակամարտության գոտում շարունակելու է պահպանվել։ Պատճառը հետևյալն է՝ եթե Հայաստանը անտրամաբանական զիջումներ չի անում, տուրք չի տալիս Բաքվի պահանջներին և ճնշումներին, ապա Բաքուն կշարունակի իր ագրեսիվ գործողությունները։ Ռուսաստանցի փորձագետն այս համատեքստում ընդգծում է, որ չարժեր և հիմա էլ չարժե հույս դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված քաղաքական երկխոսության վրա. «Այս իրավիճակը ցույց տվեց, որ այդ հույսերը սին էին։ Մենք նախկինում էլ էինք ասում, որ չարժե հույս ունենալ, որ ինչ-որ ճեղքում, առաջընթաց կլինի բանակցային գործընթացում, քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակադիր են»։

Չի կարելի Փաշինյանին մեղադրել ԼՂ-ն հանձնելու մեջ

Ամեն դեպքում, ռազմական իրադրության այս սրացումը քաղաքական որոշման հետևա՞նք է, թե՞ շփման գծում ռազմական իրավիճակի տրամաբանական զարգացման արտացոլումը։

Պատասխանելով այս հարցին՝ մեր զրուցակիցն ասաց, թե իր կարծիքով՝ ադրբեջանական կողմը նույնիսկ մեկ փամփուշտ չի կրակում առանց քաղաքական որոշման։

Անդրադառնալով Փաշինյանի խաղաղասիրական հայտարարությունների, խաղաղ երկխոսություն սկսելու նրա առաջարկի քննադատությանը որոշ քաղաքական շրջանակների կողմից՝ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց կարևորն այն է, որ հանդես գալով կառուցողական դիրքերից՝ Փաշինյանը միաժամանակ ադեկվատ է գնահատում իրավիճակը և բացառում է անտրամաբանական փոխզիջումները, առավել ևս՝ տարածքային զիջումները։

«Փաշինյանը երբեք Լեռնային Ղարաբաղը հանձնելու կողմնակից չի եղել, ուստի չի կարելի նրան դրանում մեղադրել։ Այո, նա խաղաղասեր է, բայց նաև շատ լավ գիտակցում է ազգային շահերը։ Միֆ է այն տեսակետը, որ Փաշինյանը պատրաստ է միակողմանի զիջումների գնալ։ Դա միֆ է և ոչ ավելին»։

Ներքաղաքական էժանագին շահարկում

Այսպիսով, եթե խոսում ենք որևէ կոնֆլիկտի, տվյալ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտության ռիսկերի և սպառնալիքների կառավարման, ռազմական իրադրության վերահսկման մասին, ապա, իհարկե, Հայաստանի ու Արցախի իշխանությունները, անվտանգության մարմինները պարտավոր են ամեն ջանք գործադրել՝ ապահովելու սահմանների անվտանգությունն ու կայունությունը և որոշակի պատասխանատվություն են կրում դրա համար, բայց ամբողջ խնդիրն այն է, որ անվտանգությունն ու կայունությունը և առհասարակ խաղաղության ապահովումը մեզնից չի կախված։ Թե՛ Հայաստանը և թե՛ միջազգային կազմակերպություններն ու միջնորդ պետությունները, ցավոք, շատ սահմանափակ լծակներ ունեն՝ ազդելու լարվածության հիմնական աղբյուրը հանդիսացող Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական վարքագծի վրա։

Ի դեպ, դրանցից մեկը հենց դիվանագիտությունն է և բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Գոնե փորձառու Արմեն Աշոտյանը, որն իր թիմակիցների հետ նախկինում բազմիցս կարևորել է բանակցային գործընթացի շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը, պետք է իմանար դրա մասին։ Եվ այս իմաստով խաղաղության օրակարգի առաջարկը որպես թուլության նշան ներկայացնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներքաղաքական էժանագին շահարկում։ Այստեղ ամենևին էլ գործող ղեկավարությանը պաշտպանելու խնդիր չկա։ Խնդիրն իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունն է։

Արդարության համար պետք է նշել, որ նույն Փաշինյանը կառուցողական առաջարկներին զուգահեռ նաև հայտարարել է, որ «պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով»: Իսկ նրա վարչակազմի առանցքային գործիչներից մեկը՝ Պաշտպանության նախարար Դ. Տոնոյանը, ի լուր աշխարհի հայտարարել է՝ նոր պատերազմ սկսելու դեպքում Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու։

[1] Մայիսի 4-ին Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նույն օրը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998 թվականին ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

https://www.1in.am/2558054.html

Be the first to comment on "Եղավ այն, ինչ կանխատեսվում էր. ռազմական իրադրությունը շփման գծում գնալով սրվելու է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ