Քոչարյանը տորպեդահարեց. իրավիճակն անելանելի չէ

Մարտիմեկյան հայտնի գործի դատավարությունը ընդգծված քաղաքականացնելու մարտավարությունը, որ կիրառում է Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ միայն անսպասելի չէ, այլ նաև միանգամայն հասկանալի է: Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր քաղաքական գործոնը շեշտադրելով հասնել նրան, որ միջազգային ատյաններում դիտարկվի որպես քաղբանտարկյալ:

Հեռանկարային, էֆեկտի՞վ է արդյոք այդ մարտավարությունը՝ այլ հարց է, և այստեղ իհարկե քննարկելու շատ բան կա, թեև ակնառու է, որ կա նաև Քոչարյանի շուրջը ձևավորված մի թիմ կամ շերտ, որը անկասկած շահագրգռված է պաշտպանության այդ գծի առկայության հարցում, քանի որ դա եթե անգամ որևէ հեռանկար չի բացում երկրորդ նախագահի համար, այդուհանդերձ այդ շերտի համար բացում է ֆինանսական որոշակի հեռանկարներ: Դա իհարկե կարող է լինել երկրորդ նախագահի և նրա շուրջը ձևավորված կամ հավաքված այդ շերտերի փոխհարաբերության հարց կամ «ներքին գործ»:

Մյուս կողմից, սակայն, ակնառու է, որ անգամ Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքական և իրավական որևէ էֆեկտիվության բացակայությամբ՝ նրա պաշտպանական մարտավարությունն իր անբեկանելի ազդեցությունն է թողնում ներքաղաքական պատկերի և տրամաբանության վրա: Այն առավել ևս մեծ է լինելու, եթե շոշափելիորեն առարկայանա այն ուժը, որի մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր «Ռոյթերս» գործակալությանը՝ նշելով, որ այն լինելու է մի հզոր միավոր, որը մարտահրավեր է նետելու իշխանությանը: Այդ մարտահրավերը հազիվ թե հեռանկար ունենա նետողների համար, բայց հետևանք կարող է ունենալ մնացյալ բոլոր ուժերի համար, որոնք հավակնում են լինել ներքաղաքական կյանքի աշխույժ մասնակից և ներկայանալ հանրությանը որպես ընդդիմություն:

Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ տորպեդահարում է ընդդիմությանը կամ, ավելի շուտ, ընդդիմադիր դաշտը՝ գործնականում բարդացնելով այնտեղ որևէ մեկի հաստատման հեռանկարը կամ հաստատվածների ամրանալու հեռանկարը: Խոշոր հաշվով, խորքային իմաստով ընդդիմություն Հայաստանում ձևավորված չէ՝ այն պարզ պատճառով, որ ձևավորված չէ իշխանությունը՝ նույն խորքային առումով:

Ռոբերտ Քոչարյանն այն գործոնն է, որի քաղաքական աշխուժությունը գործնականում բացառելու է Հայաստանում ընդդիմադիր տիրույթի ձևավորումը: Եվ այստեղ առաջանում է առանցքային մեկ այլ հարց՝ իսկ կարո՞ղ են այդ տիրույթում քաղաքական շահեր հետապնդող և նոր իրավիճակում նոր որակի հայտ ներկայացնելու ցանկություն ունեցող ուժերը ընդդիմանալ Ռոբերտ Քոչարյանին և չեզոքացնել այն գործոնը, որով նա փաստացի կառավարում է ընդդիմադիր դաշտի «թրենդները»:

Սա բարդ, բարդագույն հարց է այդ ուժերի համար, որը բացարձակապես չի լուծվում Քոչարյանի հետ առնչություն չունենալու և դա բացառելու մասին հայտարարություններով: Այդտեղ առկա է իրավիճակի տրամաբանությունը խորքից ընկալելու անհրաժեշտություն, որովհետև ինքնին Քոչարյանից տարածություն պահելն ու նրան քննադատելը հանրության ճնշող մեծամասնության համար քաղաքական որևէ միավորի, այսպես ասած, պարտք է դիտվում, ոչ թե հատկանիշ: Ըստ այդմ, պահանջվում է ավելին՝ Քոչարյան քաղաքական մրցակցային գործոնը չեզոքացնելու համար: Առայժմ այդ ավելին չի նշմարվում՝ անգամ որպես խնդիր կամ հրամայական արձանագրելու մակարդակում:

Հեղափոխությունն ինքնին բավականին բարդացնում է քաղաքականության արվեստի դրսևորումներով աչքի ընկնելը: Այն կրկնակի է բարդացնում աչքի զարնող «հակահեղափոխությունը»: Այդուհանդերձ, իրավիճակն անելանելի չէ: Հարցն այն է, թե որտեղ է փնտրվում ելքը, և թերևս՝ ովքեր են փնտրում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

https://www.1in.am/2559563.html

Be the first to comment on "Քոչարյանը տորպեդահարեց. իրավիճակն անելանելի չէ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ