Նիկոլ Փաշինյանի նոր կանխարգելիչ հայտարարությունը. ռուսական հե՞տք

Ռուսաստանն ունի բոլոր լծակները նոր էսկալացիա թույլ չտալու համար, Երեւանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի կրկնելով միտքը, որ արտահայտել էր դեռեւս նախորդ տարի օգոստոսին՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսին:

Ընդ որում, հատկանշական է, որ այդ հայտարարությունը, կանխարգելիչ տրամաբանության շրջանակում հնարավոր պատերազմի ռազմա-քաղաքական լայն պատասխանատու դիտարկելով Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանն արել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ մեղադրանքի եւ կալանքի մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտնի հայտարարությունից հետո:

ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան տարակուսած է Հայաստանի նոր իշխանության քայլերից, ուղղված նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ: Լավրովը հայտարարել էր, թե իրենց հավաստիացրել են, որ չեն լինի այդօրինակ գործողություններ: Լավրովն անուններ չէր տվել, եւ իհարկե դժվար է ասել, նրան ավելի շատ Խաչատուրովի հանգամանքն էր հետաքրքրել, թե Ռոբերտ Քոչարյանի:

Նիկոլ Փաշինյանը դրանից հետո խոսեց պատերազմի համար ՌԴ պատասխանատվության մասին: Այժմ էլ նա թեմային անդրադառնում եւ մոտեցումը կրկնում է մի փուլում, երբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի աղմկոտ դատավարությունը:

Արդյոք այստեղ ծավալվող որեւէ իրադարձությունում Նիկոլ Փաշինյանը տեսնում է ռուսական հետք, ինչի համար էլ դարձյալ հիշեցնում է ռեգիոնալ անվտանգության ու կայունության համար ՌԴ պատասխանատվությունը:

Փաշինյանն արել է մեկ այլ ուշագրավ ակնարկ, նշելով, որ նոր լարումն ու ռազմական գործողությունները ամենեւին չեն լինելու տեղային, եւ դա լավ հասկանում են թե Մոսկվան, թե Բաքուն եւ թե Թեհրանը:

Մոսկվան Կովկասը դիտարկում է իր կենսական շահերի գոտի եւ լավ է պատկերացնում, որ այն կորցնելու դեպքում «դոմինոյի» էֆեկտը հասնելու է Հյուսիսային Կովկաս եւ եւ այդպես շարունակ: Իրավիճակի հանդեպ չափազանց զգայուն է նաեւ Իրանը, որն ունի իր հյուսիային սահմանին երրորդ երկրի կամ այլ ուժային կենտրոնի զինուժի ներկայություն թույլ չտալու եւ իհարկե նաեւ ադրբեջանական զինուժի ներկայությունը բացառելու խնդիր: Թեհրանի համար նախընտրելի է հյուսիսային այդ հատվածում սահմանակից լինել հայկական կողմի հետ:

Նոր ռազմական գործողությունը կամ պատերազմը վտանգելու է Մոսկվայի եւ Թեհրանի կենսական շահերը, ընդ որում որեւէ ելքի պարագայում՝ որոշակի սցենարի դեպքում երկուստեք, որոշակի սցենարի դեպքում նրանցից մեկնումեկինը:

Այստեղ սակայն դիտարկման է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի խոսքի տողատակում նշմարվում է այն, որ իրադարձությունների այդօրինակ զարգացման դեպքում Հայաստանն ունի տարբերակ, իսկ Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն՝ ոչ: Տվյալ պարագայում խոսքն անշուշտ իրավիճակի զարգացման հեռանկարների ռազմավարական խորության մասին է, եւ հատկանշական է, որ Փաշինյանն այդ մասին խոսում է Չինաստանից վերադարձից հետո: Չինաստան այցի ընթացքում այդ երկրի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը ստացավ ուշագրավ ուղերձներ, որոնք նուրբ տողատակ էին պարունակում ռեգիոնալ ռազմա-քաղաքական համատեքստի առումով:

Մայիսի 17-ին հայտնի է դարձել Չինաստանի նախագահի ռեգիոնալ այցի մասին՝ Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան, որ տեղի կունենա օրեր անց եւ կարծես թե աննախադեպ է իր ձեւաչափով:

https://www.lragir.am/2019/05/17/443992/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի նոր կանխարգելիչ հայտարարությունը. ռուսական հե՞տք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ