Ոստիկանության աղմկոտ հայտարարությունը. ում թևը «կկտրի» վարչապետը

Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությունը պոպուլիստական է, գուցե պայմանավորված է դիլետանտությամբ: Այդ հայտարարությունն արել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարությանն այն մասին, որ ոստիկանությունում 2008 թվականից սկսած տեղի են ունեցել գնումների մասին օրենքի խախտումներ: Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ՊՎԾ պետը ոչ կոռեկտ քայլ է կատարել՝ հայտարարություն անելով մինչև ուսումնասիրության ամբողջական ավարտը, մինչև վարչապետին ներկայացված փաստերի ամփոփումը, մինչև ոստիկանությանը ուսումնասիրության մասին տեղեկանք տրամադրելը և այլն: Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը աշխատում է թափանցիկ ու պարզ՝ այնպես, ինչպես երբևէ չի եղել:

Ոստիկանության պետը փաստորեն բավականին կոշտ է արձագանքում ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը: Այստեղ իրավիճակն իսկապես ուշագրավ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արգիշտի Քյարամյանը, ըստ մամուլի հրապարակումների, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի սանիկն է, ինչն, ի դեպ, չի հերքվել:

Արգիշտի Քյարամյանն ընդհանրապես բավականին աղմկոտ ֆիգուր դարձավ այն բանից հետո, երբ իր երիտասարդ տարիքում մեծ ֆինանսական միջոցների տնօրինման վերաբերյալ բավականին հանդուգն և արտառոց պատասխաններ տվեց լրագրողներին՝ նախ համարելով, որ դա իրենց գործը չէ, հետո ասելով, թե քեռին ու բարեկամներն են այդ մեծ փողերը տվել իրեն:

Արգիշտի Քյարամյանը ՊՎԾ պետի տեղակալն էր և պետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Սանասարյանի հայտնի գործից հետո, երբ վարչապետը ԱԱԾ դիմումի հիման վրա կասեցրեց Սանասարյանի պաշտոնավարումը: Սանասարյանի գործը մամուլում մեկնաբանվեց որպես իշխանության երկու թևերի միջև պայքար: Ընդ որում, այդ մեկնաբանության հիմք դարձան նաև Սանասարյանի հայտարարություններն այն մասին, որ իր դեմ գործը շինծու է և հետապնդում է ինչ-ինչ այլ շահեր: Ընդ որում, նա այդ մասին խոսել էր դեռևս ամիսներ առաջ, երբ ԱԱԾ-ն մեղադրանք էր ներկայացրել իր երկու աշխատակիցներին՝ ՊՎԾ վարչության պետերին, սակայն Դավիթ Սանասարյանի հետ առնչվող որևէ բան դեռևս չկա, գոնե ֆորմալ իմաստով: Այդ ամենն էլ տվեց հիմք մամուլի հրապարակումների, որ կա իշխանության թևերի պայքար:

Ընդ որում, նկատելի էր նաև, որ այդ հանգամանքը մեդիատրենդ է նախկին իշխանությանը հարող տեղեկատվա-քարոզչական շրջանակների համար՝ իշխանության մեջ բաժանարար գծերի առկայության մասին ալիքով որոշակի ներքին անվստահություն առաջացնելու նկատելի նպատակադրումով:

Նիկոլ Փաշինյանն այդ առիթով հայտարարեց, որ իշխանության մեջ թևեր չկան և չեն կարող լինել, քանի որ ինքը այդպիսի դեպքոմ ուղղակի կկտրի այդ թևերը:

Վալերի Օսիպյանի պատասխանը՝ ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարությանն ի պատասխան, անկասկած դարձյալ սրելու է «թևերի» ինտրիգային թեման, թեև ոստիկանապետը փաստորեն խոսում է այն մասին, որ պոպուլիզմով կամ դիլետանտությամբ ինտրիգ է սրում ՊՎԾ պետի պաշտոնակատարը: Բանը կհասնի՞ վարչապետի արձագանքին և առավել ևս՝ որևէ «թև» կտրելուն:

Be the first to comment on "Ոստիկանության աղմկոտ հայտարարությունը. ում թևը «կկտրի» վարչապետը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ