Փաշինյանը կարողացավ պահել իր դեմքը. հնարավոր է՝ Պուտինը նրան ինչ-որ բան է խոստացել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը վերջապես լուծվեց բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակով։ Եղավ այն, ինչ կանխատեսում էինշատ հայ և ռուսաստանցի փորձագետներ։

Հիմնական խնդիրը, հիշեցնենք, Հայաստանի և Բելառուսի միջև էր։ Նախորդ տարվա նոյեմբերի սկզբին, երբ Հայաստանի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վաղաժամկետ ազատվեց ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, որի դրանից մի քանի ամիս առաջ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրելը առաջացրել էր կազմակերպության մյուս անդամ պետությունների անթաքույց դժգոհությունը, Բելառուսը և Ղազախստանը հայտարարեցին, թե քանի որ Հայաստանի ներկայացուցչի լիազորությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում դադարեցվել են, ապա, ըստ ռոտացիոն սկզբունքի՝ այբբենական կարգով այդ պաշտոնը պիտի զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ այդ երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը։

Ու քանի որ Հայաստանի հանդեպ ոչ այնքան բարյացակամ տրամադրված հարևան Ադրբեջանն էլ ամեն կերպ յուղ էր լցնում կրակի վրա՝ փորձելով իր բարեկամ Բելառուսի և Ղազախստանի միջոցով թուլացնել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, հարցը սկզբունքային դարձավ հայկական կողմի ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Երևանը, սակայն, ոչ թե այսրոպեական, այլ ավելի խորքային ու կարևոր հարցեր էր բարձրացնում այս խնդրի կապակցությամբ՝ ասելով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցին պետք է տրվեն ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի հաջորդ անգամ, երբ այս կամ այն պատճառով վաղաժամ կդադարեցվեն կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունները, խնդիրը լուծվի ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում, այլ ոչ թե ըստ քաղաքական նպատակահարմարության կամ այս կամ այն անդամի քաղաքական շահերի, և տարընթերցումներ չլինեն։

Խնդիրն այն է, որ ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը նշված պաշտոնը ստանձնել էր 2017 թ. մայիսին և, ըստ ռոտացիոն սկզբունքի, պիտի պաշտոնավարեր 3 տարի։ Բայց քանի որ նա վաղաժամ հետ կանչվեց այդ պաշտոնից, և ՀԱՊԿ կանոնադրության մեջ էլ չկային հստակ իրավական կարգավորումներ նման դեպքերի համար, կողմերից յուրաքանչյուրը սկսեց իր ձևով մեկնաբանել տվյալ հարցին վերաբերող դրույթը. Երևանն ասում էր, որ 3 տարի ժամկետը պետությանն է տրվում, իսկ Մինսկն ու Աստանան պնդում էին, թե 3 տարի ժամկետը տրվում է անձին։

Ժամանակի ընթացքում, երբ Լուկաշենկոյի և Փաշինյանի կոնֆլիկտը կարգավորվեց, կրքերը սկսեցին աստիճանաբար մարել, պարզ դարձավ, որ հայկական կողմը գործնականում շանս չունի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածուին նշանակելու, բայց քանի որ սա սկզբունքային հարց էր դարձել մեզ համար, պետք էր հնարավորինս ձգձգել պրոցեսը, որպեսզի Մինսկի թեկնածուն նշանակվի ՀՀ-ին տրված 3 տարվա ժամկետը լրանալուց հետո։ Այդ պատճառով, Հայաստանի վարչապետը դեռ չէր շտապում ընդունելու Զասին՝ որպես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնական թեկնածուի։ Եվ ահա, մի քանի օր առաջ պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՀԱՊԿ անդամներին հաջողվել է փոխհամաձայնության գալ նշված հարցի շուրջ։ Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը Երևանում ընդունել է Ստանիսլավ Զասին և ողջունելով հյուրերին՝ կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է բելառուսցի լրագրող, «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբանՅուրի Դրակոխրուստը։

– Պարոն Դրակոխրուստ, Ձեր կարծիքով՝ անդամ պետություններ ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով կարողացան համաձայնության հասնել գլխավոր քարտուղարի հարցի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում այս որոշումը։ Կարծում եմ, որ պարոն Փաշինյանը փոխզիջման գնաց, բայց ինձ թվում է՝ սա միանգամայն խելամիտ փոխզիջում էր և հնարավոր է՝ սա ավելի լավ լուծում էր, քան այն, ինչը Փաշինյանը բավական երկար ժամանակ պնդում էր։ Սա շատ ավելի լավ է, քան այն իրավիճակը, որ ունեինք մինչ օրս։ Փաշինյանը պնդում էր՝ թե ո՛չ, այս պաշտոնը Հայաստանինն է, և Հայաստանի թեկնածուն պիտի զբաղեցնի այն։ Մյուսները պնդում էին՝ թե ո՛չ, Հայաստանը չի կարող պահպանել այդ պաշտոնը։ Ուզում եմ հիշեցնել՝ Խաչատուրովը նշանակվել է 2017 թ. ապրիլին։

Կարծեմ՝ մայիսին նա անցավ իր պարտականությունների կատարմանը։ Նշանակում է՝ իր լիազորությունները պիտի ավարտվեին 2020 թ. մայիսին։ Այն բանից հետո, երբ Երևանը հետ կանչեց Խաչատուրովին, Փաշինյանն անմիջապես պնդեց, որ Հայաստանը պետք է պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց նա չկարողացավ պահպանել այդ պաշտոնը։ Քանի որ, ըստ կանոնադրության՝ գլխավոր քարտուղարի նշանակման մասին որոշումը ընդունում են բոլոր անդամ երկրների ղեկավարները, ապա կյանքը ցույց տվեց, որ նա չէր կարող համառորեն պնդելով իր ուզածին հասնել։ Մյուս երկրների ղեկավարները համաձայն չէին Փաշինյանի պնդման հետ։ Այսինքն՝ այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչը չէ։

– Այո, բայց չէ՞ որ կազմակերպության կանոնադրության մեջ տվյալ հարցին վերաբերող դրույթն այնպիսին է, որ ինչպես Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը մի առիթով նկատեց՝ ով ինչպես ուզում, այնպես էլ այն մեկնաբանում է։ Մյուս կողմից՝ Երևանը թեև չկարողացավ պահպանել այդ պաշտոնը, բայց գոնե կարողացավ այնպես անել, որ Բելառուսի թեկնածուն պաշտոնը ստանձնի Հայաստանին տրված 3 տարվա ժամկետը գրեթե լրանալուց հետո։

– Դե, գիտեք, ստացվեց հետևյալ կերպ։ Կետ առաջին, Փաշինյանը չկարողացավ համառորեն պնդելով իր ուզածին հասնել։ Կետ երկրորդ, այնուամենայնիվ, նա կարողացավ ավելի քան կես տարի հարցը պահել «կախված» վիճակում։ Այսինքն՝ մնացած անդամ երկրների ղեկավարները ևս չկարողացան ստիպել նրան անմիջապես ընդունել Զասի թեկնածությունը։ Եվ նա մի քանի ամիսների ընթացքում ցույց տվեց, որ ինքն էլ նրանց դիրքորոշումը չի ընդունում։ Կետ երրորդ, Փաշինյանը, այսպես ասած, այդ «կախված» վիճակը չձգեց մինչև նոր գլխավոր քարտուղարի օրինական կադենցիան։ Այսինքն՝ նա կարող էր այս անորոշ վիճակը ձգձգել մինչև հաջորդ տարվա ապրիլ, և հաջորդ տարվա ապրիլին, ըստ կանոնների, ըստ կանոնադրության, կգար Բելառուսի հերթը։

Նա կարող էր շարունակել պնդել, որ մեր հերթն է, իրեն էլ կպատասխանեին՝ ոչ, ձեր հերթը չէ, և արդյունքում պաշտոնակատար կշարունակեր մնալ պարոն Սեմերիկովը։ Նա կարող էր դա անել, բայց չարեց դա։ Նա որոշեց, որ «ես պահեցի իմ դիրքերը, հասկացա, որ անդամ երկրների ղեկավարների մեծ մասը չեն աջակցի իմ դիրքորոշմանը, այդ պատճառով էլ եկեք փոխզիջման գնանք, Աստված ձեզ հետ, թող հունվարի 1-ից պարոն Զասը լինի գլխավոր քարտուղարը»։ Ի վերջո, 3-4 ամիսը ոչինչ չեն որոշում։ «Շատ լավ»,- ասաց նա,- «թող հունվարի 1-ից նա լինի, ես զիջում եմ»։

Եվ ես կարծում եմ, որ նա կարողացավ պահել իր դեմքը, ցույց տվեց, որ իր հետ կարելի է պայմանավորվածության հասնել։ Հնարավոր է՝ նրան ինչ-որ մի բան խոստացել են, այսպես ասած, ջենտլմենական հարաբերությունների կարգով։ Եվ եթե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել, ապա դա, իմ կարծիքով, ոչ թե Լուկաշենկոն է, այլ Պուտինը։ Կարծում եմ՝ հիմնականում խոսակցությունները Պուտինի հետ են եղել։ Այսպիսով, նա պահպանեց իր դեմքը, ցույց տվեց, որ կարող է փոխզիջումների գնալ, չափից ավելի համառ չէ։ Այո, նա գնաց փոխզիջման։ Նա արդեն որոշ փորձ է ձեռք բերել միջազգային քաղաքականության մեջ և հասկանում է, որ միշտ չէ, որ կարելի է և պետք է կատեգորիկ կերպով պնդել սեփական տեսակետը, սկզբունքները։ Երբեմն էլ պետք է փոխզիջումներ անել։

– Եկեք հիշենք, որ Փաշինյանը այս ընթացքում մի քանի անգամ հայտարարել է, որ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է։ Կարևորն այն է, որ անդամ պետությունները կատարեն փոխադարձ պարտավորությունները, և կազմակերպության արդյունավետությունը բարձրացվի։ Բայց Լուկաշենկոն իր հայտարարություններով այս հարցը սկզբունքային, անձնական արժանապատվության հարց դարձրեց Փաշինյանի համար։ Լուկաշենկոն ասաց, թե այսպես պետք է լինի, իսկ Փաշինյանը պատասխանեց, որ մեզ հետ այդպես չի կարելի խոսել։ Հետո նրանք ինչ-որ փոխըմբռնման հասան։ Այսինքն՝ այնպես չէ, որ մեկը հաղթել է, մյուսը՝ պարտվել։ Յուրաքանչյուրն իր ուզած ձևով էր մեկնաբանում կանոնադրությունը, թեև իրականում այնտեղ չկա կոնկրետ կետ այն մասին, թե նման իրավիճակներում ինչպես պիտի լուծվի խնդիրը։ Իսկ Բելառուսն ու Ղազախստանն այլ փաստարկներ էին բերում։

– Եթե խոսենք քաղաքական տեսանկյունից, ապա ես արդեն ասացի, որ կողմերը փոխզիջման գնացին։ Չստացվեց այնպես, ինչպես ուզում էր Փաշինյանը։ Ստացվեց այնպես, ինչպես ուզում էր Լուկաշենկոն, բայց դա անմիջապես տեղի չունեցավ։ Փաստացի, Բելառուսի թեկնածուն նշանակվելու է այդ պաշտոնում Հայաստանին տրված ժամկետը լրանալուց ընդամենը 4 ամիս առաջ։ Ահա և վերջ։ Այո, սա փոխզիջում է։ Այո, կողմերից ոչ մեկը, այսպես ասած, մաքուր հաղթանակ չտարավ։ Սա է իրականությունը։

– Փաշինյանը, ինչպես արդեն նշեցի, հայտարարել էր, որ ավելի կարևոր է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրները կատարեն իրենց փոխադարձ պարտավորությունները, և կազմակերպությունն ավելի արդյունավետորեն գործի։ Ի՞նչ եք կարծում, այս հարցում առաջընթաց կա՞ կամ կլինի՞։

– Ես չգիտեմ, թե արդյոք առաջընթաց կա ՀԱՊԿ-ի, այսպես ասած, գխավոր խաղացողի՝ Ռուսաստանի առնչությամբ։ Առավել ևս՝ կազմակերպության արդյունավետության հարցը շատ պրակտիկ և լուրջ նշանակություն ունի և, կոպիտ ասած՝ կապված է այն հարցի հետ, թե ով և որքան զենք կվաճառի Ադրբեջանին։ Եթե այդ հայտարարությունը թարգմանենք ավելի պարզ լեզվի, ապա այն հենց սա է նշանակում։ Որքան ես եմ հասկանում՝ Ռուսաստանը և՛ Հայաստանին է զենք վաճառում, և՛ Ադրբեջանին։ Բայց հաստատ չգիտեմ՝ շարունակո՞ւմ է արդյոք դա անել։ Ինչ վերաբերում է Բելառուսին՝ ես գիտեմ, որ նախորդ տարի իրագործվել է «Պոլոնեզ» համալիրների վաճառքի խոշոր գործարքը, և երբ Ալիևը եկավ Մինսկ, հայտարարվեց, որ սա զենքի վերջին մատակարարումը չէ Ադրբեջանին։ Սա վկայում է, որ Լուկաշենկոն այլ կերպ է մեկնաբանում իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Այնպես որ՝ ես կարծում եմ, որ այս ոլորտում մեծ փոփոխություններ չեն լինի։

Բայց մյուս կողմից, «Պոլոնեզի» գործարքից հետո, կարծեմ, խոշոր մատակարարումներ Ադրբեջանին այլևս չեն եղել։ Սրանից կարելի է եզրակացնել, որ կողմերը կա՛մ չեն կարողացել պայմանավորվածության հասնել, կա՛մ Ադրբեջանը բելառուսական զենքի պահանջարկ չի ներկայացրել, կա՛մ էլ Լուկաշենկոն սկսել է ավելի զուսպ պահել իրեն։ Նա կարող էր նման վճիռ կայացնել ինչպես պարոն Փաշինյանի պնդմամբ, ինչը քիչ հավանական է, այնպես էլ պարոն Պուտինի պնդմամբ, ինչը ավելի հավանական է։ Հավանաբար, ինքներդ էլ հասկանում եք, որ կարգավորիչ դերը այս կազմակերպությունում վերապահված է Մոսկվային։ Ես չեմ կարող ասել, որ նա է բոլորին թելադրում ամեն ինչ։ Նա նույնիսկ Մինսկին չի թելադրում, առավել ևս Երևանին, բայց բոլորն էլ հաշվի են նստում իր կարծիքի հետ։ Եվ չի բացառվում, որ նույն Պուտինը, հատկապես Զասի թեկնածության շուրջ վեճի հետ կապված իրավիճակում, կարող էր Լուկաշենկոյին ասած լինել՝ «գիտես, Սաշա, արի՝ թող նախ նշանակեն, հետո, եթե շատ ես ուզում, էլի ինչ-որ բան կվաճառես (Ադրբեջանին)։ Իսկ մինչ այդ, քանի դեռ համաձայնության չենք հասել Փաշինյանի հետ, ավելի հանգիստ քեզ պահիր և մի՛ գրգռիր, մի՛ ջղայնացրու Երևանին»։ Հնարավոր է՝ այսպիսի խոսակցություն է եղել։

Իսկ ինչ վերաբերում է վերևում նշված հարցին, ապա կարծում եմ՝ ինքներդ էլ հասկանում եք, որ չարժե ակնկալել, որ ՀԱՊԿ-ի բնույթը, էությունը սկզբունքորեն կփոխվի։ Եթե նույնիսկ Ռուսաստանն է զենք վաճառում թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, ապա ինչո՞ւ պիտի Բելառուսը նույն կերպ չվարվի։ Այնուամենայնիվ, եթե ինչ-որ դրական տեղաշարժեր լինեն, և, ասենք, նվազեցնեն Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալները, ապա դրան կարելի է հասնել միայն անձնական համաձայնությունների շնորհիվ, ոչ թե շնորհիվ այն բանի, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այսպես է գրված և այսպես պետք է լինի։

– Իսկ գլխավոր քարտուղարի հարցին ինստիտուցիոնալ լուծումներ, Ձեր կարծիքով, կտրվե՞ն, որպեսզի հետագայում, եթե կրկին վաղաժամկետ դադարեցվեն գլխավոր քարտուղարի լիազորությունները, այս հարցը լուծվի կանոնադրությամբ։

– Չգիտեմ, ես չեմ բացառում, որ կազմակերպության հերթական գագաթնաժողովին որոշում ընդունվի կանոնադրության մեջ ինչ-որ ուղղում անելու մասին, բայց կարծում եմ, որ դա քիչ հավանական է։ Ամենայն հավանականությամբ, հետագայում նման խնդիր առաջանալու դեպքում որոշումը կընդունվի ըստ նախադեպի։ Այսինքն՝ նման նախադեպ արդեն եղել է. Խաչատուրովին հետ կանչեցին իր պաշտոնից նախորդ տարվա նոյեմբերին, և մինչև մայիս ամիսը իրավիճակը անորոշ էր, դրանից հետո հաջողվեց լուծում գտնել։ Անկեղծ ասած՝ ես չեմ կարծում, թե կանոնադրության մեջ փոփոխություններ կանեն՝ նշելով, որ անդամ պետությունը պահպանում է գլխավոր քարտուղարի պաշտոնը, եթե նույնիսկ տվյալ երկիրը հետ է կանչում իր ներկայացուցչին։

Կարծում եմ՝ դժվար թե մեծամասնությունը կհամաձայնվի այն իրավիճակի ֆորմալիզացմանը, ինստիտուցիոնալիզացմանը, որի մասին դուք խոսում էիք։ Այսինքն՝ դժվար թե իրավական ձևակերպումներ մշակվեն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարելի է հաղթահարել նմանատիպ ճգնաժամները։ Չեմ կարծում։ Կարծում եմ՝ կասեն, որ «դե, լավ, այս անգամ կարողացանք պայմանավորվածության հասնել, հաջորդ անգամ էլ կհասնենք։ Եվ Աստված տա, ամեն երեք տարին մեկ հեղափոխություն չլինի մեր երկրներից մեկում»։

– Ինչը հերթական անգամ ապացուցում է, որ ՀԱՊԿ-ի անդամներից շատերը նույնիսկ չեն էլ ձգտում, որպեսզի այն դառնա նորմալ, ֆունկցիոնալ կազմակերպություն։ Եկեք պարզապես արձանագրենք այս հանգամանքը։

– Դե, գիտեք, խոսքը նույնիսկ նորմալ կազմակերպություն դառնալու-չդառնալու մասին չէ։ Հնարավոր է՝ այստեղ իրենց դերն են խաղում մեր, այսպես ասած, մշակութային առանձնահատկությունները: Մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ի առաջնորդների մեծ մասը ավտորիտար առաջնորդներ են, որոնք չեն սիրում ենթարկվել կանոններին, նույնիսկ այն կանոններին, որոնք հենց իրենք են մշակել։ Նրանք նախընտրում են հարցերը, այսպես ասած, իրար մեջ լուծել, որպեսզի վերջին խոսքն իրենց վերապահված լինի, ոչ թե ինչ-որ մեկը նրանց հիշեցնի, որ…

– Ի վերջո, կան կանոններ։

– Այո, ի վերջո, կան կանոններ։ Այ սա ցանկալի չէ նրանց համար։ Նրանք չեն ուզում, որ լինեն ավելորդ կանոններ։ Ավելի լավ է՝ կանոնները հնարավորինս քիչ լինեն։ Նրանք ավելի շատ սովոր են «առևտրի», տարաբնույթ համաձայնությունների մեխանիզմներին, քան թե կանոններով առաջնորդվելուն։

– «Իսկ այդ Փաշինյանը, այդ արևմտամետ դեմոկրատը եկել ու ինչ-որ կանոններից, որոշումների լեգիտիմությունից է խոսում»։

– Այո, կա նման բան։ Բայց եկեք տեսականորեն պատկերացնենք, որ պարոն Զասի նշանակումից հետո կրկին անհրաժեշտություն առաջանա վաղաժամ դադարեցնելու գլխավոր քարտուղարի լիազորությունները։ Իհարկե, Աստված քաջ առողջություն տա նրան, բայց ամեն դեպքում 3 տարվա ընթացքում մարդու հետ շատ բան կարող է պատահել։ Օրինակ, պարզվի, որ նա 100 միլիոն դոլար է գողացել, և Բելառուսը ստիպված է նրան հետ կանչել։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ժամանակ էլ Լուկաշենկոն կասի՝ ո՛չ, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Բելառուսին։ Եվ պատճառը միայն այն չէ, որ նա դիկտատոր է, իսկ Փաշինյանը՝ դեմոկրատ։ Խնդիրն այն է, որ ամեն մեկն էլ, բնականաբար, ուզում է պաշտպանել իր պետական շահերը։

Ես համոզված եմ, որ եթե Փաշինյանի փոխարեն լիներ Սարգսյանը, և կրկին անհրաժեշտ լիներ Խաչատուրովին հետ կանչել, ապա նա էլ վստահաբար նույն բանն էր ասելու. «այո, մենք նրան հետ ենք կանչել այս կամ այն պատճառով, հետո ի՞նչ, միևնույն է, այդ պաշտոնը մերն է»։ Ես կարծում եմ, որ այս պարագայում խնդիրը կապված չէ Փաշինյանի՝ դեմոկրատ լինելու հետ։ Եվ հետո, մենք այն ժամանակ արդեն խոսել ենք այս թեմայով, և ես ասել եմ, որ Փաշինյանը պետք է ինչ-որ կերպ հեղինակություն վաստակեր, ցույց տար, որ ինքը կարող է պաշտպանել իր երկրի շահերը ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային ասպարեզում։ Այնպես որ՝ շատ բնական է, որ նա այդպիսի վարքագիծ էր դրսևորում։

https://www.1in.am/2572602.html

Be the first to comment on "Փաշինյանը կարողացավ պահել իր դեմքը. հնարավոր է՝ Պուտինը նրան ինչ-որ բան է խոստացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ