Վատ նորություն Ադրբեջանի համար. Փաշինյանի հայտարարությունը նոր զենքի մասին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Փաշինյան-Պուտին պետերբուրգյան հանդիպմանը Արցախի հարց չի քննարկվել: Դա վատ նորություն է Ադրբեջանի համար, քանի որ հունիսի 3-ին Իլհամ Ալիեւը Պուտինին էր զանգահարել ակնկալիքով, որ Փաշինյանի հետ հանդիպմանը կփորձի մի փոքր ճնշել նրան, հանուն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերության:

Ինչ էր պատրաստվում անել ՌԴ նախագահը, դժվար է ասել, սակայն մինչ հանդիպումը մի քանի ուշագրավ քայլ արեց Նիկոլ Փաշինյանը՝ ներքին դաշտում: Ձերբակալվեց մարտի 1-ի մի կրակող՝ մարդասպանության կոնկրետ մեղադրանքով, որն արդեն կալանավորված է: Հայտարարվեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին եւ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տրվեց դրա դեմ պայքարի հանձնարարություն: Սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը, «սրվեց» Երեւան-Ստեփանակերտ փոխհարաբերությունը: Իսկ դա, իր արատավոր էֆեկտներով հանդերձ, գործնականում պետք է արձանագրել, որ լավ իմաստով ջուր է «հող չհանձնելու» ջրաղացին:

Այդ ամենից հետո, Պուտինն Արցախի հարցի վերաբերյալ ի՞նչ պետք է խոսի Փաշինյանի հետ:

Փոխարենը, պարզվում է, որ խոսել են Հայաստանի համար նոր սպառազինության մասին, որն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Իսկանդեր չէ, բայց Իսկանդերից քիչ էլ չէ: Թե հատկապես ինչ է, չի մանրամասնվում, սակայն այս փուլում հայտարարությունն ինքնին արդեն ունի «սպառազինության» էֆեկտ: Ինչպես օրինակ նախորդ տարի հոկտեմբերին Մոսկվայից սկսած կովկասյան ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստանում արած Ջոն Բոլթոնի հայտարարությունը՝ Հայաստանին ամերիկյան սպառազինություն մատակարարելու տարբերակի մասին:

Ընդ որում, հատկանշական է, որ այդ հայտարարությունից հետո հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության ծիրում արձանագրվեց բավական արդյունավետ առաջընթաց, օրինակ Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման, կամ սպառազինության նոր վարկի շուրջ պայմանավորվածության հարցում:

Փաստացի, Նիկոլ Փաշիյանը հայտարարել է այդ գործում ռազմա-քաղաքական նոր բովանդակությամբ եւ մակարդակով քննարկման մասին:

Այդ ֆոնին անշուշտ անհամարժեք կարող է թվալ հարցադրումն այն մասին, թե քննարկե՞լ են արդյոք Փաշինյանն ու Պուտինը Հայաստանի ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալի հայտնի հերոս Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը: Հայաստանում նրա նկատմամբ հեախուզում հայտարարելուց հետո Պողոսյանին ձերբակալեցին Ռուսաստանում, կալանավորեցին, իսկ օրերս հայտնի դարձավ, որ տվել են ժամանակավոր կեցության իրավունք: Իսկ զուգահեռ պետք է քննեն ոչ միայն արտահանձնման Երեւանի դիմումը, այլ քաղապաստան ստանալու Պողոսյանի դիմումը:

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ ռուսական ՌԲԿ-ի հետ զրույցում սենսացիա էր անվանել, որ ռուս իրավապահները ձերբակալել էին Պողոսյանին, ասելով, որ Հայաստանի հանրությունը չէր սպասում այդպիսի բան: Փաստացի, Փաշինյանը բավականին բարձրացրել էր Պողոսյանի հարցում ՌԴ հետ քննարկման գինը:

Արդյոք այն պայմանականորեն ասած հասնում է օրինակ այն ծավալներին, որ շոշափվում էին օֆշորային սկանդալի ընթացքում: Մասնավորապես, խոսքը կարծես թե մոտ 800 միլիոն դոլարի մասին է, շոշափելի մի ծավալ, առավել եւս Հայաստանի համար:

Իսկ ի՞նչ գին ունի այն Իսկանդերից «ոչ փոքր» սպառազինությունը, որի մասին խոսել են Պուտինն ու Փաշինյանը, ինչի վերաբերյալ հայտարարել է Հայաստանի վարչապետը: Արդյո՞ք այդ գինն էլ պայմանականորեն համադրելի է Պողոսյանի «օֆշորային արժեքին»:

Be the first to comment on "Վատ նորություն Ադրբեջանի համար. Փաշինյանի հայտարարությունը նոր զենքի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ