Ահա, թե որտեղ և ում հաղթեց Ծառուկյանը

Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե ես մասնակցեի քարոզարշավին, լրագրողների հետ զրույցում Աբովյանի քաղաքապետի ընտրության վերաբերյալ ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես հայտնի է, ընտրությանը հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, որը ԲՀԿ ոչ ֆորմալ թեկնածուն է: ԲՀԿ-ն չի հայտարարել նրան աջակցելու մասին, սակայն բոլորին է ակնհայտ, որ ոչ միայն աջակցել է, այլ քաղաքապետը փաստացի հենց ԲՀԿ թեկնածուն է: Կառավարող ՔՊ թեկնածուն պարտվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաղթել է հեղափոխությունը, որովհետև այն արվել է նաև հենց այն բանի համար, որ իշխանությունը ամեն տեղ չունենա երաշխավորված հաղթանակ: Մեծ հաշվով, Փաշինյանի այդ փաստարկը դժվար է ենթարկել առարկության: Մյուս կողմից, հանրությանը հուզում է հարցը, թե հեղափոխությունն ինչո՞ւ է պարտվել Աբովյանում և արդյո՞ք դա չի նշանակում, որ այն կորցնում է դիրքերը: Այդ հարցն առավել արդիական է դարձնում Գագիկ Ծառուկյանը, իր հայտարարությամբ:

Առերևույթ թվում է, որ Գագիկ Ծառուկյանն ակնարկում է վարչապետի նկատմամբ առավելության մասին, որը հունիսի 5-ին մասնակցեց քարոզարշավին: Մյուս կողմից, քաղաքական զարգացումների տրամաբանության առումով համարժեք դիտարկում չէ հեղափոխությունը բերել և Աբովյանի «մեջ» տեղավորելը: Հակառակը, պետք է Աբովյանը տեղավորել հեղափոխության լայն «շերտավորումների» մեջ: Իսկ այստեղ պետք է արձանագրել, որ առանցքային խնդիրներից մեկը քաղաքական հակակշիռների կամ պարզապես քաղաքական համակարգի, մրցակցության ձևավորման խնդիրն է:

Հետհեղափոխական իրավիճակում լիակատար վակուում է, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Այդ վակուումը փորձում են լցնել նախկին իշխող համակարգի տարբեր ուժեր և խմբեր, բազմազան ձևաչափով: Այստեղ հավանական սցենարներից և վարկածներից մեկն այն է, որ խումբ-խումբ այսպես ասած դիրքեր գրավելով հանրային շրջանակում, իքս պահին այդ խմբերը կարող են միավորվել մեկ բևեռով և արդեն մեկ ճակատով առաջ մղել իրենց ծրագրերը: Ռոբերտ Քոչարյանը դեռևս մայիսի սկզբին Ռոյթերզ գործակալության հետ հարցազրույցում գործնականում ազդարարել էր այդ տարբերակի հնարավորության մասին:

Մյուս կողմից հասկանալի է, որ իշխանությունը, որքան էլ լինի արդյունավետ, չի կարող երկար ժամանակ պահել ամբողջ հանրային դաշտը միայն իրենով: Եթե անգամ դա ստացվի, ապա կնշանակի, որ գործընթացները այնքան էլ առողջ տրամաբանության մեջ չեն զարգանում, որովհետև զարգացման հիմքում միշտ էլ մրցակցությունն է: Մինչդեռ քաղաքական մրցակցության ձևավորումը չի կարող իրականացնել տնտեսական սկզբունքով, երբ հնարավոր է անել խոշոր ներդրում և ստեղծել զուգահեռ արտադրություն:

Իհարկե զուտ տեխնիկական առումով դա հնարավոր է, և ավելին՝ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործոն ստեղծվել է հենց այդ տրամաբանությամբ, դեռևս 2006-07 թվականների հայտնի քաղաքական զարգացումների և ներիշխանական հակադրությունների շրջանակում: Բայց, մի այդպիսի գործոնի փոխարեն մեկ ուրիշը ստեղծելը տալու է նույն արդյունքը, անգամ, եթե դրա բազային հիմքը լինի առավել գաղափարական: Քաղաքական մրցակցությունը պետք է ծնվի այսպես ասած բնական ճանապարհով, այսինքն մտքերի, գաղափարների բնական գեներացիայով:

Իշխանությունը կարող է խթանել, կառավարել այդ գործընթացը, նախընտրելի ուղղությունը, սակայն չի կարող և չունի այդ ուղղությունը ստեղծելու և իբրև ընդդիմություն ներդնելու իրավունք, դա կլինի անառողջ իրավունք: Ըստ այդմ, անցումային և վակուումային այս փուլում, կառավարող ուժը, կամ պարզապես Նիկոլ Փաշինյանը, ստիպված է խաղալ կամ կառավարել եղածով, հանրային-քաղաքական դաշտում սև խոռոչներ թույլ չտալու համար, մյուս կողմից ընտրելով առավել նախընտրելի խմբերը քաղաքական գունապնակը ներկայումս լրացված պահելու համար:

Այդ իմաստով, եթե դեռևս ձևավորված չեն ուժեր, որոնք հանրության հետ կարող են մրցունակ հաղորդակցություն հաստատել նոր օրակարգային թեմաներով, Փաշինյանի համար առավել նախընտրելի հին ուժ է Ծառուկյանը, մի շարք թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Այդ տեսանկյունից, Գագիկ Ծառուկյանի հաղթողական կեցվածքից Փաշինյանի համար չկա որևէ սպառնալիք կամ ռիսկ, փոխարենն այդ կեցվածքով նա կարող է կառավարել նախորդ համակարգից եկող առավել անցանկալի փորձերը:

Այդ իմաստով, Աբովյանը տեղավորելով հեղափոխության լայն շերտերի մեջ, հնարավոր է արձանագրել Ծառուկյանի որոշակի հաղթանակ, սակայն ոչ թե Աբովյանում ՔՊ թեկնածուի կամ ՔՊ նկատմամբ, այլ հաղթանակ ներկայիս անցումային շրջանում այն իմաստով, որ նա կարողացավ ամրագրել իր «բուֆերային» դերը, որ հետհեղափոխական որոշակի զարգացումների դեպքում կարող էր կորցնել: Այստեղ սակայն այդ հաղթանակի հիմքում ոչ այնքան հեղափոխությամբ ձևավորված իշխանության, այլ մյուս հանրային-քաղաքական սուբյեկտների անարդյունավետության խնդիրն է: Այլապես Ծառուկյանը չուներ «բուֆերի» դերը վերականգնելու շանս:

https://www.1in.am/2575699.html

Be the first to comment on "Ահա, թե որտեղ և ում հաղթեց Ծառուկյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ