Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Արցախում հարձակման

 

Նախիջևանում այսօր ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում է 5 հազար զինվոր, շուրջ 200 տանկ և հետևակի զրահապատ մեքենա, 180 հրթիռ և թնդանոթ, 21 ինքնաթիռ և ուղղաթիռ, ներգրավված են այլ զինատեսակներ ևս: Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները մեկնարկել են հունիսի 7-ին և ավարտվում են այսօր:«Անսասան եղբայրություն 2019» զորավարժություններին անձամբ հետևելու նպատակով նախօրեին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Ադրբեջանցի պաշտոնակից Զաքար Հասանովի հետ հանդիպմանը նա բարձր է գնահատել համատեղ այդ վարժանքները, հայտնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները: Ըստ այդ հաղորդագրությունների՝ Հասանովն իր հերթին կարևորել է Անկարայի հետ ռազմական համագործակցությունը ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում: «Ադրբեջանի ռազմական ներուժի ամրապնդման համար, որն էլ հանդիսանում է տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական գործոնը», — կարծիք է հայտնել Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի և Ադրբեջանի բանակի համատեղ այս զորավարժությունների նպատակը, ըստ պաշտոնական աղբյուրների, համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու հմտությունների կատարելագործումն է: Վարժանքների ընթացքում զինվորները պայմանական հակառակորդի ուղղությամբ թիրախային հարվածներ են իրականացրել:

Նկատենք, որ սա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում եղբայրական երկու երկրների համատեղ երկրորդ զորավարժություններն են: «Անսասան եղբայրություն 2019» վարժանքներն անցկացվում են Հայաստանի հետ սահմանակից Նախիջևանում, որտեղ, հիշեցնենք, Ադրբեջանի իշխանությունների պնդմամբ՝ հայկական զինուժից հազարավոր հեկտարներ են ազատագրել: Պաշտոնական Բաքուն մասնավորապես հայտարարել էր, թե Նախիջևանում ազատագրել է շուրջ 11 հազար հեկտար տարածք, որտեղ տեղակայել է նոր դիրքեր, ինչը հայկական կողմը կտրականապես հերքել է՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր ու ինժեներական աշխատանքներ է իրականացնել բացառապես իրենց տարածքում:

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին էլ անցկացվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվեցին մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն էր՝ համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը: Զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված էին զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Այսպիսով, երկու ամսում երկու թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացին: Նպատակը պարզ է՝ հայկական կողմին եւ միջազգային հանրությանը համապատասխան արցախյան մեսիջներ ուղղել:

Մետաքսյա Շալունց

Be the first to comment on "Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են Արցախում հարձակման"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ