Ով է փրկել Ռոբերտ Քոչարյանին. Նոր քրեական գործ ԱԱԾ-ում

Օրերս հայտնի դարձավ տեղեկություն, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել մի քաղաքացու ինքնախոստովանության հիման վրա: Գործը վերաբերում է հեռավոր 2001 թվականին պետական գործչի սպանության նախապատրաստմանը, որի համար ձեւավորվել է խումբ, ձեռք են բերվել պայթուցիկներ, սարքեր: Ինքնախոստովաական ցուցմունքով ներկայացել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ստեփան Ս.-ն: Ըստ տեղեկության, նա տվել է նաեւ պատվիրատուի անունը:

Այդ տեղեկատվության վերաբերյալ հրապարակում էր արել Ժողովուրդ օրաթերթը, անանուն աղբյուրին հղումով հայտնելով, որ պետական գործիչը, ում դեմ 2001 թվականին մահափորձ կազմակերպելու ինքնախոստովանությամբ ներկայացել է Արարատի մարզի բնակիչը, եղել է այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դեռեւս չկա այդ արտահոսքի պաշտոնական մեկնաբանություն, թե արդյոք խոսքն իսկապես Ռոբերտ Քոչարյանի սպանությունը կազմակերպելու խոստովանության մասին է, որով 2001 թվականի դեպքերի կապակցությամբ 2019 թվականին ԱԱԾ է ներկայացել Արարատի մարզի բնակիչը:

Որովհետեւ, այդ դեպքում առաջանում են մի շարք հետաքրքիր հարցեր: Նախ եւ առաջ իհարկե այն, թե ինչու՞ է այդ բնակիչը ներկայացել ինքնախոստովանությամբ: Այն դեպքում, երբ նա չի իրագործել իր հանցավոր մտադրությունը, այսինքն կարծես թե չունի խղճի խայթի պատճառ՝ բոլորը ողջ եւ առողջ են: Թե՞ ոչ բոլորը:

Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ չի իրականացվել հանցավոր մտադրությունը: Ինչի՞ հետեւանքով է այն անավարտ մնացել, կամ այլ կերպ ասած՝ ո՞վ կամ ի՞նչն է փրկել այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Իրավապահնե՞րն են այն ժամանակ կանխել այդ հանցավոր մտադրությունը: Այդ դեպքում քրեական գործը պետք է որ հարուցված լիներ դեռեւս 2001-ին, երբ ծրագրվել է սպանությունը, քաղաքացին պետք է լիներ բանտում, գուցե մինչեւ հիմա էլ կլիներ այնտեղ: Բայց նա ներկայանում է եւ ինքնախոստովանություն անում:

Հետեւաբար, եթե իրավապահները իմացել են ու կանխել, ինչու՞ այն ժամանակ չեն հարուցել քրգործ: Իմացել են ընդհուպ պատվիրատու՞ն: Եթե իրավապահները չեն իմացել, ապա ինչու՞ է «պատվերը» մնացել անկատար եւ ի՞նչն է խանգարել սպանության փորձին:

Եթե հնարավոր է եղել կազմակերպումը թաքցնել իրավապահ համակարգից, ապա պետք է ենթադրել, որ պատվիրատուն եղել է բավականին ազդեցիկ մարդ, որը գուցե ապահովել է, որպեսզի կազմակերպումը լինի առավելագույնս գաղտնի:

Մյուս կողմից, 2001 թվականը բավականին առանձնահատուկ ժամանակահատված էր, պետությունը նոր էր ուշքի գալիս հոկտեմբերի 27-ի հարվածից, իշխանությունը նոր էր բյուրեղացել եւ վերակազմավորվել, իսկ գործընթացը անշուշտ իր վրա կրում էր 27-ի ահաբեկության լայն ազդեցությունը, ընդհուպ հնարավոր է արտաքին շրջանակներով:

ԱԱԾ-ում հարուցված քրգործի եւ փաստացի 18-ամյա վաղեմության ինքնախոստովանության մասին մամուլում հայտնված տեղեկությունը Ռոբերտ Քոչարյանի համար անակնկա՞լ է: Նրա համար նորությու՞ն է, որ 2001 թվականին ինչ որ մարդիկ Արարատի մարզից ինչ որ քաղաքացու պատվիրել են իր սպանությունը: Է՞լ ինչ անակնկալներ կարող են լինել նրա համար այդ նոր հարուցված գործում, եւ ի՞նչ վարքագիծ կարող են դրանք թելադրել երկրորդ նախագահին:

Be the first to comment on "Ով է փրկել Ռոբերտ Քոչարյանին. Նոր քրեական գործ ԱԱԾ-ում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ