Արցախի պատասխան զորավարժությունները. Բաքվում նյարդային են

Երեկ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը: Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Նկատենք, որ Արցախի Պաշտպանության բանակը անցկացնում է խոշոր հրամանաշտաբային զորավարժություն, որը նախատեսված է 2019թ. պատրաստության պլանով։ Դրանք սկսել են հունիսի 17-ից՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ, ավարտվելու են հունիսի 20–ին:

Վարժանքներին ներգրավված է 10 հազար զինծառայող, 200-ից ավելի հրետանային միջոց, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

Հիմնական շեշտադրումը արվելու է գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ: ՊԲ կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկվելու են հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Զորավարժություններին զուգահեռ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ: Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը:

ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակից հայտնում էին, որ Արմեն Գրիգորյանը ՌԴ ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Վերջինս կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։

Արցախյան զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը դժգոհել է արտահայտել. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից զորավարժություններ անցկացնելու փաստի կապակցությամբ: «Չէինք ցանկանա հավատալ, որ Հայաստանում հաղթում է պատերազմի կուսակցությունը: Այդ դեպքում դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հայկական կողմի այդ գործողությունները բացատրության ենթակա չեն, հատկապես Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի հանդիպման նախօրեին»,- ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը դժվար է հասկանալ: «Մի կողմից այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում 10 հազար զինծառայողի մասնակցությամբ ռազմական զորավարժությունների մասին, մյուս կողմից նրանց արտգործնախարարը պատրաստվում է մասնակցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների:

Ակամա հարց է առաջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներին. իսկ հետո՞»,- ասել է մամուլի քարտուղարը:
Բաքվում նոր հնարավորություն ստացան դժգոհելու Հայաստանից: «Առիթներն», այսպես ասած ավելանում են: Բաքուն հաստատուն քայլերով Հայաստանի ուսերին է դնում բանակցային հետագա ձախողման պատասխանատվությունը:

Թամար Բագրատունի

https://hayeli.am/?p=138221&l=am

Be the first to comment on "Արցախի պատասխան զորավարժությունները. Բաքվում նյարդային են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ