Նախապատերազմական վիճակ. Ինչ կհուշեն Վաշինգտոնում

Այսօր Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ կայացել է ‪Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։‬‬ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր էջում գրել է, որ առաջիկայում հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելու նպատակով», — գրել է Բոլթոնը: ֊ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում սպասվող հանդիպման նախաշեմին, ըստ «Ազատության» հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այց էր կատարել Հարավային Կովկաս՝ այդ թվում Երևան և Բաքու:

Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը տեղի է ունենալու վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի ֆոնին: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն հաղորդում են զոհերի մասին: Վաշինգտոնյան հանդիպման մասին դեռևս ապրիլին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով էր, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար: Մամեդյարովի հնչեցրած այս հայտարարությունը ամերիկյան կողմը որևէ կերպ չի մեկնաբանել:
Այսպես, հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը՝ Վաշինգտոնում է անցկանցվելու:

Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները և սադրիչ գործողությունները վերջին օրերին պատճառ դարձան մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրեցին շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը:
Այս պայմաններում ի՞նչ են քննարկելու Վաշինգտոնում Մնացականյանն ու Մամեդյարովը: Որքանո՞վ է նպաստավոր միջավայրը՝ կառուցողական երկխոսության համար:

Օրերս, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ի պատասխան հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին՝ հունիսի 12-ին էլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը տեղեկացրեց, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմը հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հավաստմամբ, «առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»: Նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ արեց ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»:

Թամար Բագրատունի

https://hayeli.am/?p=138349&l=am

Be the first to comment on "Նախապատերազմական վիճակ. Ինչ կհուշեն Վաշինգտոնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ