Աշնանը կարող են լինել լայնածավալ բախումներ. Մոսկվան կկանխի՞ նոր պատերազմը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերջին շաբաթվա ընթացքում դարձավ հայկական մամուլի ամենաքննարկվող գործիչներից մեկը իր որոշ հրապարակային հայտարարությունների և հանդիպումների պատճառով։ Խոսքը ոչ միայն ՀՀ պաշտոնաթող նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու, այնուհետև այդ կապակցությամբ ՀՀ արտգործնախարարություն հրավիրվելումասին է, այլև վերաբերում է մինչ այդ տարածաշրջանային իրավիճակի ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտության, պատերազմի հավանականության ու ղարաբաղյան բանակցությունների մասին մամուլի ասուլիսին իր կողմից արված մեկնաբանություններին։

«Ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից»

Դեսպան Կոպիրկինն անդրադարձել է սահմանային լարվածությանը հայ-ադրբեջանական շփման գծում ու կարծիք հայտնել, որ 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները, որոնցով նախատեսվում էր վերահսկողական մեխանիզմներ տեղադրել շփման գծում, այսօր ակտիվորեն քննարկվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում։

Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը նշանակալից դեր է խաղում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում. գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև առանձին քայլեր է ձեռնարկում՝ նպատակ ունենալով թույլ չտալ հակամարտության վերսկսում։ Սակայն, ըստ դեսպանի, ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանից։

«Բանակցային գործընթացի կարգավորման համար ձեռնարկում ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք կարող ենք, բայց պարզ է, որ այս հարցի վերջնական որոշումը կոնֆլիկտի կողմերի որոշումն է: Այստեղ Ռուսաստանի դերին պետք է հավասարակշռված մոտենալ. այն, իհարկե, նշանակալից է, ակտիվ, բայց չի կարող փոխարինել երկու կողմերի գործողություններին: Այն մեխանիզմները, որ մենք ունենք, գործարկում ենք, բայց ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, երևի այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է դեսպան Կոպիրկինը։

Կրեմլը հանո՞ւմ է պատասխանատվությունն իր վրայից

ՌԴ դեսպանի այս խոսքերը չվրիպեցին հայ քաղաքական մեկնաբանների ուշադրությունից։ Վերջիններս հիշեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նախորդ տարվա հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, երբ ասել էր, թե ինքը չի հավատում, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ Ռուսաստանը թույլ կտա պատերազմի վերսկսում տարածաշրջանում։

«Այո, ես համոզված եմ և կարծում եմ՝ բոլորս ենք համոզված, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիան թույլ չտալու համար»,- հայտարարել էր Փաշինյանը։

Ցույց տալով այս հակասությունը ռուսական կողմի և Հայաստանի ղեկավարության տեսակետների միջև՝ որոշ վերլուծաբաններ կարծիք հայտնեցին,  որ Կրեմլը, ըստ էության, փորձում է հանել իր վրայից պատասխանատվությունը նոր հնարավոր պատերազմի համար։

Մոսկվայի լծակները սահմանափակ են

Ռուսաստանցի քաղաքագետները, սակայն, այլ կերպ են հարցին նայում։ Ալեքսանդր Սկակովը, օրինակ, կարծում է, որ Ռուսաստանը չի ողջունի ռազմական նոր ագրեսիան Ադրբեջանի կողմից, բայց մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի վրա ազդելու Մոսկվայի լծակները սահմանափակ են։

«Ռուսաստանը սահմանափակ լծակներ ունի՝ ազդելու Ադրբեջանի վրա, բայց, անշուշտ, հակամարտության հետագա սրացման դեպքում ստիպված է լինելու ինչ-որ կերպ արձագանքել և դա անելու է բավական կոշտ ձևով։ Այո, Մոսկվան չի կարող լիարժեքորեն ազդել Ադրբեջանի ռազմական վարքագծի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սկակովը։

Լայնածավալ բախումներ կարող են լինել աշնանը

Ինչ վերաբերում է սահմանային լարվածության աճին արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Սկակովը սա անսպասելի կամ տարօրինակ չի համարում. «Այս ամենը շատ կանխատեսելի էր։ Այն, որ իրադրությունը սահմանային գոտում գնալով վատանալու էր, սպասելի էր։ Շատերը հույս ունեին, թե ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ինչ-որ ճեղքում կլինի, սակայն դրանք պատրանքային հույսեր էին։ Ադրբեջանը հույսը դրել էր Հայաստանի նոր ղեկավարության անփորձության վրա և կարծում էր, թե կարելի է խաբել նրան կամ էլ հաղթել նրան դիվանագիտորեն՝ բանակցություններով։ Չստացվեց, և հիմա նա կրկին վերադարձավ իր նախկին մարտավարությանը։ Այստեղ նոր բան չկա»։

Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջանային վերջին այցի և Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի հերթական հանդիպման միջանկյալ այս ժամանակահատվածում լարվածությունը հակամարտության գոտում նկատելիորեն աճեց, երկուստեք գրանցվեցին զոհեր։ Բայց երբ իրավիճակը սրվում է այսպիսի տրամաբանությամբ, այսինքն՝ կողմերից յուրաքանչյուրը բռնությանը պատասխանում է համարժեք կամ անհամարժեք բռնությամբ, կրակոցներին հետևում են պատասխան կրակոցները, լայնածավալ զորավարժություններին՝ պատասխան զորավարժությունները, զինվորի սպանությանը՝ պատասխան պատժիչ գործողությունները, սա չի՞ հանգեցնի նրան, որ դիրքային այս մենամարտերը աստիճանաբար կվերածվեն ավելի լայն ռազմական բախումների։

Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ մոտ ամիսներին նման զարգացումներ դժվար լինեն, իսկ աշնանը դա միանգամայն հնարավոր է։ Ռազմական լայնածավալ հարձակման սցենարը, ռուսաստանցի փորձագետի կարծիքով, Բաքվի հիմնական կողմնորոշիչն է, բայց դա երկարաժամկետ հեռանկարի սցենար է, ոչ թե մոտ ամիսների։

«Վիեննան» քննարկվում է, բայց արդյունք չկա

Խոսելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների շուրջ քննարկումների մասին՝ Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, որ այսօր արդեն շատ ուշ է հին պայմանավորվածություններին վերադառնալու համար։

Իսկ «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, ընդհակառակը, կարծում է, որ բանակցային կողմերը կարող են վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի համաձայնություններին։

Տրոֆիմչուկը «Առաջին լրատվական»-ի զրույցում կարծիք հայտնեց, թե կասկած չկա, որ այդ պայմանավորվածությունները մինչ օրս ակտիվորեն քննարկվում են։ Միայն թե գլխավոր խնդիրն այն է, որ այդ քննարկումները ոչ մի կոնկրետ արդյունքի չեն հանգեցնում։

«Պաշտոնական պատասխան չի տրվում գլխավոր հարցին՝ ո՞վ առաջինը հարված հասցրեց 2016-ի ապրիլին։ Ու չի տրվում պատասխանը 2016-ի ապրիլի մասին, չկա պատասխան նաև այս տարվա մայիսի մասին։ Հենց այդ պատճառով էլ հակամարտության գոտում կրկին կրակում են։ Եվ լավ է, որ դիտորդների վրա չեն կրակում։ Եթե նրանց ձեռք չտան՝ նրանք կշարունակեն իրենց քննարկումները և՛ 2030-ին, և՛ 2050 թվականին։ Կարծես, հարկավոր է ևս մի վերահսկող մարմին, որը կկանգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխին և կվերահսկի նրանց գործունեությունը։ Օրինակ՝ ես, որպես այս թեմայով երկար տարիներ զբաղվող փորձագետ, հաճույքով կանդամակցեի նման կառույցին։ Եվ այդ ժամանակ իրադրությունը հակամարտության գոտում կսկսեր աստիճանաբար փոխվել»,- նշեց Տրոֆիմչուկը։

Be the first to comment on "Աշնանը կարող են լինել լայնածավալ բախումներ. Մոսկվան կկանխի՞ նոր պատերազմը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ