Նիկոլ Փաշինյանի խախուտ թիկունքը. գզվռտոց՝ Փաշինյանի «քթի տակ»

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ… Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը»,- այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ակնհայտորեն անդրադառնալով Սասուն Միքայելյանի երեկվա մեղադրանքներին։

Այս պատմության մեջ ինձ ու շատերին բացարձակապես չեն հետաքրքրում փոխադարձ մեղադրանքների էությունն ու մոտիվացիաները, ոչ էլ «հակամարտող» կողմերի պերճախոս հայերենն ու այլաբանական արտահայտությունները։

Խնդիրն այն է, որ կառավարող կուսակցության ներսում կան հակասություններ, որոնք այլևս հրապարակային դրսևորում են ստացել, սակայն դրանք քաղաքական լուծումներ չեն գտնում։ Այդպես եղել է քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին, ու այդ տխուր իներցիան հաստատակամորեն շարունակվում է նաև այսօր՝ չեղարկելով հին ու նոր Հայաստանների սահմանագիծը։

Երբ քաղաքական օրինաչափությունները չեն գործում, որպես կանոն՝ ականատեսն ենք լինում անեկդոտների ու լիրիկայի ժանրին, ինչի օգնությամբ ՔՊ անդամները մի քանի օր է՝ «հաշիվ են մաքրում» հասարակության առաջ՝ փորձելով արժանանալ Նիկոլ Փաշինյանի «վերջին խոսքին»։

Աբովյանի ընտրություններից հետո քաղաքական հետևություններ չարվեցին, որովհետև եթե դրանք լինեին, ապա դաշտը կփակվեր թե՛ Ռոմանոս Պետրոսյանի պրիմիտիվ մեղադրանքների և թե՛ Սասուն Միքայելյանի «հայրական ապտակի համար»։ Աբովյանի ընտրության հիմնական քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որը դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆորմալացրեց հնի հետ հեղափոխության համագործակցությունը։ Աբովյանում հաղթել է այս ստատուս-քվոն, ու ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը իր հայրենի քաղաքում պայքարում էր ոչ այնքան Գագիկ Ծառուկյանի կամ Սասուն Միքայելյանի, որքան Փաշինյանի ու նրա ստատուս-քվոյի դեմ։

Պարտվեց, սակայն չգիտակցեց, որ պարտությունը քաղաքական գին ունի, որը տվյալ դեպքում պետք է արտահայտվեր հրաժարականներով՝ ոչ միայն Կոտայքի մարզպետի, այլ նաև ՔՊ վարչության անդամի պաշտոններից։ Քաղաքական այդ մշակույթն է գործում ամբողջ աշխարհում՝ մանավանդ, կրկնում եմ, Պետրոսյանը պարտվել է ոչ թե կոնկրետ թեկնածուի կամ մարդկանց, այլ Նիկոլ Փաշինյանի հաստատած ստատուս-քվոյին։

Թե չէ քաղաքական պարտությունից, ներկուսակցական «դավադրություն» կազմակերպելուց ու համարժեք պատասխան ստանալուց հետո պաթետիկ գրառումը մի տեսակ չի նայվում՝ մանավանդ, որ գրված հուզական տողերի արանքում քաղաքականությունը պարզապես մեռնում է։

Ռոմանոս Պետրոսյանն ակնարկում է, որ ինքն ու Սասուն Միքայելյանը մեկ թիմում անելիք չունեն, հակառակ դեպքում չէր չակերտավորի «ընդհանուր գործ» արտահայտությունը։ Նման դեպքերում կա՛մ կուսակցությունից հեռանում են, կամ էլ դնում են «մրցակցի» հեռացման հարցը։ Սա է քաղաքականությունը, մնացածը լիրիկա է։

Սակայն քաղաքականության ականատես չենք լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանի «ստատուս-քվոն» ենթադրում է ոչ միայն հին ու նոր համակարգերի, այլ նաև ներկուսակցական տարբեր «իզմերի» կոմպրոմիս։ Այդ դեպքում Փաշինյանը իր կուսակիցներին պետք է հրահանգի չխոսել ու հանգիստ նստել տեղները, հակառակ պարագայում ներկուսակցական գզվռտոցը կխժռի անգամ խորհրդարանական մեծամասնության պատրանքային միասնությունը՝ օրինաչափ դարձնելով ԲԴԽ անդամի ընտրության գործընթացի երեկվա ձախողումը։

https://www.1in.am/2588255.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի խախուտ թիկունքը. գզվռտոց՝ Փաշինյանի «քթի տակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ