Աղետ, Պուտինն օգնություն է կանչում.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Շոյգուին հանձնարարել է անձամբ վերահսկել ստորջրյա հետազոտական սարքավորումում հրդեհի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության քննությունը: Հրդեհի հետեւանքով զոհվել է 14 նավաստի, որոնցից 7-ը առաջին աստիճանի կապիտան, երկուսը՝ ՌԴ Ազգային հերոսի կոչումով:

Բարձրաստիճան սպաների մեծ թվի հանգամանքը փորձագետներին ենթադրության տեղիք է տվել, որ ստորջրյա սարքավորման մեջ գտնվող անձնակազմը պատրաստվում էր ինչ որ լուրջ գործողության:

Քննությունն անձամբ վերահսկելու Պուտինի հանձնարարությունը Շոյգուին հնչում է բավական երկիմաստ՝ անձամբ պատասխանատու լինել, որ ինչ որ բան չթաքցվի՞ եւ բացահայտվի ամբողջությա՞մբ, թե՞ հակառակը՝ որ դուրս չսպրդի ավելորդ տեղեկատվություն: Մյուս կողմից, Պուտինն ինքն անշուշտ շահագրգռված է տիրապետել տեղի ունեցածի ամբողջ տեղեկատվությանը: Բայց դա նրան կօգնի՞ տիրապետել Ռուսաստանում իրավիճակին ամբողջությամբ: Դա մի կողմից հռետորական հարցադրում է, մյուս կողմից թերեւս աստիճանաբար իրական վիճակ դարձող հանգամանք, որը խոշոր հաշվով «ռուսական կայսերականությանը» բնորոշ սինդրոմ է:

Ռուսաստանի ռեսուրսներն ու հավակնությունները 21-րդ դարի իրողություններում դառնում են գործնականում անհամատեղելի: Այդ անհամատեղելիությունը իր մեջ պարունակում է ահռելի ռիսկեր, ընդ որում մարդկային էլ, եւ այդ թվում ոչ միայն ՌԴ հարեւան երկրների համար, այլ նաեւ հենց ՌԴ քաղաքացիների:

Թվում է, որ տեխնիկական կամ այլ բնույթի աղետից ապահովագրված չէ որեւէ պետություն , սակայն դրանք գործնականում չեն լինում դեպքերի պատահական բերումով: Դրանք հետեւանք են, իրավիճակի կառավարման աղետալի մակարդակի հետեւանք: Եվ ամենեւին պատահական չէ, որ դրանք գերազանցապես ծավալվում են երկրներում, որտեղ կառավարման փակ, ոչ էֆեկտիվ համակարգ է, հենված կոռուպցիայի, ավտորիտարիզմի վրա:

Պուտինը չի կարող դա չհասկանալ: Բայց ի՞նչ կարող է անել հասկանալու դեպքում: Առավել եւս, երբ խնդիրն այլեւս չեն կարող չհասկանալ նաեւ հանրությունները, ի տարբերություն նախկինի:

Որովհետեւ ժամանակն է այդպիսին: Այդ ժամանակում է նկարահանվում օրինակ Չեռնոբիլ սերիալը, որը մարդկանց առաջ բացում է մոտ քառասնամյա վաղեմության աղետը իր ամբողջ «մերկությամբ», այդ թվում այն մարդկանց համար, որոնք ապրում են Ռուսաստանում ու տեսնում, թե ինչպես է համակարգը իրենց քայլ առ քայլ վերադարձնում այդ իրականություն՝ ինքզինքը փրկելու կամ կյանքը երկարաձգելու համար:

Հասկանում են Պուտինն էլ, Ռուսաստանի հանրությունն էլ: Հարցն այն է, թե ով ինչ կարող է անել: Պուտինը՝ թերեւս ոչինչ: Նրա ամենակարողությունը հեռուստկիսելային կամ «գաղութարարական» միֆ է: Պուտինն օգնություն է խնդրում, Ֆայնենշլ թայմսին տված հարցազրույցում հայտարարելով, որ 2000 թվականից է մտածում իր ժառանգորդի մասին, իսկ իր ժառանգորդին պետք է ռուս ժողովուրդը որոշի: Ի դեպ, 2000-ից Պուտինը սկսեց աղետով՝ Կուրսկի ավելի խոշոր աղետով, թեեւ այն ժամանակ նրան թվում էր, թե նավն ընդամենը «խորտակվեց»՝ Լարի Քինգին տված ժպտախատն պատասխանով:

Այժմ Ֆայնենշլ Թայմսին տված պատասխանով նա SOS է ազդարարում: Պուտինն ասում է՝ ժառանգորդի «այլաբանությամբ», փակուղում, ելք չկա եւ հույսը ժողովուրդն է: Ի դեպ, ինչպես թերեւս Սերժ Սարգսյանը, որը ստիպված էր գնալ վա բանկ՝ երրորդ ժամկետի: Հայ ժողովուրդը «փրկեց» Սերժ Սարգսյանին համակարգի խժռոցից: Կփրկի՞ ռուս ժողովուրդը Պուտինին, թե՞ համակարգը կամաց-կամաց կխժռի թե նրան, թե ժողովրդին, թե Ռուսաստանը:

https://www.lragir.am/2019/07/03/457008/

Be the first to comment on "Աղետ, Պուտինն օգնություն է կանչում."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ