Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը կհարձակվի Նախիջևանի ուղղությամբ. պատերազմի վերսկսման վտանգն իրական է

Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ներքաղաքական խմորումների և սպասվող ընտրական գործընթացների շուրջ քննարկումների խորապատկերին, վերջին օրերին տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են հայ-ադրբեջանական զինված հակամարտության վերսկսման մասին խոսակցությունները: Դրան նպաստեց հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ փետրվարի 8-ի հայտարարությունը «Երևանը վերադարձնելու» մասին: Հետո հրապարակվեց ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի 2018 թ. զեկույցը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» մասին, որում նշվում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է, թե «երբ ճակատային գծում դեմ-դիմաց երկու զինված բանակներ են կանգնած, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»:

Ինչո՞վ է բացատրվում այս թեմայի շուրջ քննարկումների ակտիվացումը հակամարտող երկու երկրներում սպասվող կարևոր ներքաղաքական իրադարձությունների նախաշեմին: Իսկապես կա՞ պատերազմի վերսկսման վտանգ ղարաբաղյան ճակատում կամ այլ ուղղություններով, թե՞ Հայաստանի և հատկապես Ադրբեջանի իշխանությունները փորձում են հերթական անգամ շահարկել Ղարաբաղյան հակամարտության, պատերազմի թեման ներքաղաքական քննարկումների համատեքստում՝ մարդկանց վախերն ավելացնելու և այդպիսով հանրությանը երկրի ղեկավարության շուրջ համախմբելու նպատակով:

Պատերազմի վերսկսման վտանգ կա

Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ եթե կարճ ու կոնկրետ խոսենք, ապա պատերազմի վերսկսման վտանգ իսկապես կա:

«Ոչ ոք չի ուռճացնում այս թեման քարոզչական ոլորտում: Դա իսկապես այդպես է, որովհետև պատմությունը վերջին արտոնյալ հնարավորությունն է տվել այս հակամարտության մասնակիցներին, որպեսզի Ապրիլյան պատերազմից հետո՝ այս վերջին երկու տարիների ընթացքում, ինչ-որ լուծում գտնեն աշխարհաքաղաքական իրադրության վատթարացման խորապատկերին: Սակայն կողմերն առայժմ չեն կարողացել գտնել ռազմավարական լուծումներ: Մարտավարական ինչ-որ առաջարկներ արվել են, բայց ռազմավարական լուծումներ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ ավելացնելով, թե չէր ուզենա կապել Ղարաբաղի շուրջ սրվող այս իրավիճակն ու պատերազմի վտանգը Հայաստանում նախագահի և վարչապետի ընտրության, Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

«Եթե որոշ դիտորդներ կամ կոնֆլիկտի մասնակիցներ իսկապես փորձեին սրել իրավիճակը նախագահական ընտրությունների նախօրեին, ապա այդ ընտրություններից հետո պիտի հույս ունենայինք, որ իրադրությունը կխաղաղվի: Բայց դա շատ միամիտ տեսակետ է: Իրադրությունը չի խաղաղվելու: Հայաստանում և Ադրբեջանում անցկացվող ցանկացած ընտրությունից հետո, անկախ դրա ելքից, իրավիճակն ամեն դեպքում վատթարանալու է»:

Ադրբեջանում՝ վճռորոշ, Հայաստանում՝ կարևոր

Ռուսաստանցի փորձագետը համաձայն է, որ Ղարաբաղն իսկապես հիմնաքարային խնդիր է Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ, այն Ադրբեջանի պահվածքը կանխորոշող գլխավոր գործոնն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի համար ևս շատ կարևոր է, բայց առաջին տեղում չէ:

«Եթե հաշվի չառնենք որոշ մտահոգիչ հանգամանքներ, մասնավորապես՝ զոհերը սահմանին և Ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական կողմին անցած հողակտորը, ապա ընդհանուր առմամբ իրերի ներկայիս դասավորությունը ձեռնտու է Հայաստանին, որովհետև Ադրբեջանը Ապրիլյան պատերազմի ընթացքում չկարողացավ գրավել որևէ շրջան, առավել ևս չկարողացավ գրավել Ղարաբաղը: Եվ քանի որ այսպիսի տարբերություն կա ղարաբաղյան հարցին Հայաստանի և Ադրբեջանի վերաբերմունքների միջև, այս անհավասարակշռությունն ինքնին պայթեցնելու է իրավիճակը»:

Հայաստանը կվերականգնի հավասարակշռությունը պատերազմում Նախիջևանի միջոցով

Մեկնաբանելով Ալիևի վերոնշյալ հայտարարությունը՝ Արցախյան ազատամարտի վետերան, հետախույզ Վովա Վարդանովն ասել էր, թե պետք է հասկանալ Ադրբեջանի նախագահի մարտավարությունը, ոչ թե նրա հայտարարությունները որակել դեմագոգիա կամ զառանցանք: Զինվորականը ենթադրել էր, որ եթե խոսքը Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումների մասին է, ապա Ադրբեջանը կարող է հարձակվել երկու ուղղություններով՝ Գեղարքունիքի և Նախիջևանի:

Բայց կա՞ն արդյոք իրական հիմքեր կանխատեսելու, որ ադրբեջանական կողմը կարող է նման հարձակում ձեռնարկել: Գրիգորի Տրոֆիմչուկը կարծում է, որ սա չափազանց կարևոր հարց է և այն շատ ավելի լուրջ հիմքեր ունի, քան պարզապես կանխատեսումը Ադրբեջանի հնարավոր գործողությունների մասին: Հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է սովորաբար գործում տվյալ պետությունը. խորամանկ, խելացի, ոչ-ստանդարտ ոճո՞վ, թե «կացնային» գործելակերպով՝ անում է այն, ինչ հայտարարում է:

Այս իրավիճակում պաշտոնական Երևանը պիտի փորձի գնահատել Ադրբեջանի ներկայիս իշխանությանը և հասկանալ նրա հնարավոր քայլերը: Եթե Ադրբեջանը գնահատվում է որպես միջնադարյան սուլթանություն, այդ դեպքում խորամանկ քայլեր չարժե սպասել: Իսկ եթե հայկական կողմը կարծում է, որ Ադրբեջանի կառավարությունը շատ ավելի խելացի է, քան որակվում է, ապա պետք է սպասել խորամանկ քայլեր:

«Ես վաղուց եմ ասել, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն Ղարաբաղի, այլև այլ ուղղությունների վրա: Ես տարիներ առաջ եմ ասել, որ մյուս ուղղությունը կարող է լինել Նախիջևանը, որը կարող է դառնալ հավասարակշռությունը պատերազմում վերականգնելու միջոց: Այսինքն, եթե, ասենք, Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Ղարաբաղի ուղղությամբ, Հայաստանը կարող է հավասարակշռել իրավիճակը՝ Նախիջևանի շուրջ լարվածություն ստեղծելու միջոցով: Եվ հակառակը՝ եթե Ադրբեջանը փորձի հարվածել այլ կետի, ոչ թե Ղարաբաղին, ապա դա հավանաբար անսպասելի կլինի Հայաստանի համար, բայց Հայաստանի սահմանն այնքան էլ երկար չէ, ուստի Հայաստանի Զինված ուժերն ի զորու են իրենց ուժերով պաշտպանել երկրի սահմանները: Ադրբեջանը չի կարող հարվածել մեկ այլ պետության տարածքից, այնպես որ բոլոր այն տարածքները, որտեղից Ադրբեջանը տեսականորեն կարող է հարված հասցնել, վերահսկսվում է հայկական բանակի կողմից»,- նշեց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Լուրջ խնդիրներ կունենա, եթե հարձակվի Հայաստանի վրա

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը կարծում է, որ ռազմական տեսանկյունից հարձակումը կարող է լինել ցանկացած ուղղությամբ:

«Այո, Ադրբեջանը հնարավորություն ունի հարձակվելու մի քանի կողմերից, բայց եթե նա հարձակվի Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, ապա դրանով իր համար կստեղծի լուրջ քաղաքական խնդիրներ: Եթե նա հարձակվում է միայն Ղարաբաղի վրա, ապա դրանով, այսպես ասած, վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը, իսկ եթե Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի բուն տարածքի վրա, ապա դրանով ագրեսիա է իրականացնում, և սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խրամչիխինը:

Ռուսները կմիջամտե՞ն

Գլխավոր հարցերից մեկն այս համատեքստում այն է, թե Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի պարագայում ինչպե՞ս իրեն կդրսևորի Ռուսաստանը, որը ռազմաբազա ունի Հայաստանում, և որի զինված ուժերը սահմանապահ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանի մի զգալի հատվածում: Ռուսական զորքերը կմիջամտե՞ն կոնֆլիկտին:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Ռուսաստանը կդրսևորի իրեն այնպես, ինչպես դրսևորեց 2016 թ. ապրիլին, այսինքն՝ չեզոք դիրք կգրավի՝ կողմերին կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել քաղաքական-դիվանագիտական երկխոսություն:
«Ռուսաստանը չի միջամտի կոնֆլիկտին կողմերից մեկի և մասնավորապես Հայաստանի կողմից, նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի կարող միջամտել, որովհետև եթե Ռուսաստանը միջամտի Հայաստանի կողմից, այդ դեպքում Ադրբեջանի կողմից կմիջամտեն շատ լուրջ ուժային կենտրոններ, առաջին հերթին Թուրքիան, Միացյալ Նահանգները և այլն»,- կարծում է փորձագետ Տրոֆիմչուկը:

Հայաստանի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանը խնդիրներ կունենա Ռուսաստանի՞, թե՞ ընդհանրապես միջազգային հանրության հետ: Հարցին ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը հետևյալ կերպ պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ է «միջազգային հանրությունը»: Դա ընդամենը բառակապակցություն է, ոչ ավելին: Բայց եթե պատասխանեմ հարցին, ապա խնդիրներ կունենա Ռուսաստանի և «շահագրգիռ կողմերի» որոշակի խմբի հետ»:

Եթե չկա խաղաղ լուծում, ապա կա ռազմական լուծում

Խրամչիխինի կանխատեսումները սպասվող իրադարձությունների մասին այնքան էլ լավատեսական չեն: Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը այլ տարբերակ չունի, ռազմական գործողություններ սկսելուց և իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելուց բացի, քանի որ խնդիրն ակնհայտորեն չի կարող լուծվել խաղաղ ճանապարհով:

«Ադրբեջանն ինչ-որ իմաստով այլ տարբերակ չունի: Նա պետք է առնվազն վերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իր համար դա, այսպես ասած, ազգային գաղափարախոսություն է: Բացի այդ, ամերիկյան ազգային հետախուզության ղեկավարը ևս հայտարարեց, թե հակամարտությունն այս տարի կարող է վերսկսվել: Եվ չի բացառվում, որ ամերիկացիները ոչ թե կանխատեսում են, այլ ուզում են պատերազմ, որովհետև դա շատ ձեռնտու կլիներ իրենց, քանի որ դա հարված է Ռուսաստանին: Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքիր չեն Միացյալ Նահանգներին, բայց դա հարված կլիներ Ռուսաստանին, այդ պատճառով նրանք հաճույքով կարող են սադրել պատերազմ, իսկ սադրել կարելի է միայն Ադրբեջանի հարձակման միջոցով: Այլ կերպ հնարավոր չէ»,- կարծիք հայտնեց Խրամչիխինը:

Բայց չէ՞ որ ոչ միայն միջազգային բոլոր կառույցներն ու դիտորդները, այլև առաջին հերթին հակամարտության կարգավորման գործընթացում և տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը ժամանակին ասել է՝ այո, «ադրբեջանական տարածքների» խնդիրը կա, բայց այն պիտի լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում:

Ի պատասխան այս հարցադրմանը՝ Խրամչիխինն ասաց. «Միշտ էլ այդպես են ասում, բայց իրականում ոչինչ էլ խաղաղ ճանապարհով չի լուծվում: Բոլոր հարցերն էլ լուծվում են հենց ռազմական ճանապարհով: Ղարաբաղի պարագայում ես պարզապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է հարցը լուծվել խաղաղ ճանապարհով, եթե կողմերի դիրքորոշումները բացարձակապես փոխադարձաբար բացառող են: Եթե չկա խաղաղ լուծում, ապա կա ռազմական լուծում: Ես չեմ տեսնում հիմնախնդրի խաղաղ լուծման հնարավորություն, եթե կողմերն ունակ չեն որևէ հարցում համաձայնության գալու, հետևաբար մնում է ռազմական ճանապարհը: Այդպես են կառուցված գրեթե բոլոր կոնֆլիկտները: Օրինակ, Չեչնիայի հիմնախնդրի մասին ևս ժամանակին ասում էին, թե այն չունի ռազմական լուծում, բայց այն հենց ռազմական ճանապարհով լուծվեց»:

Be the first to comment on "Ադրբեջա՞նը, թե՞ Հայաստանը կհարձակվի Նախիջևանի ուղղությամբ. պատերազմի վերսկսման վտանգն իրական է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ