Վարչապետի հուզիչ ուղերձը՝ մի քանի կարևոր ազդակներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Facebook-ի ուղիղ եթերում Ն.Փաշինյանը նշել է որ մարտին լրացել է Աշոտի 18 տարեկանը, և նա սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշել է, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

ՀՀ վարչապետը նաև կոչ է արել զինծառայությունից խուսափող իր հայրենակիցներին, ովքեր արտերկրում են, 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան և սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմել է նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։

Վարչապետ ընտրվելուց հետո սա Նիկոլ Փաշինյանի ամենատպավորիչ ու նաև հուզիչ ուղերձներից մեկն է: Փաշինյանն ընդհատել է արտերկրում սովորող իր միակ արու զավակի ուսումը և նրան ուղարկում է ծառայության Արցախ, առաջնագիծ:

Փաշինյանի երեկվա խոսքն` իր մեջ, մի քանի կարևոր ուղերձ էր պարունակում:

Սա ազդակ էր, որ բանակում սկսվելու են ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ, որոնք հիմնականում միտված են լինելու կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Իշխանության առաջին դեմքն` իր ընտանիքի, զավակի օրինակով, ներկայացնում է իր տեսլականը բանակի վերաբերյալ, որը պետք է լինի հիրավի հասարակությանը կոնսոլիդացնող, ոգեշնչող կառույց, որտեղ նույն` հավասար կարգավիճակն ունեն երկրի ղեկավարի ու շինականի, հանրային դեմքի ու շարքային քաղաքացու որդիները: Արդարության գաղափարը բանակում պետք է լինի անվիճարկելի, քննարկումներից ու բանավեճերից դուրս, որովհետև դեռ երկար ժամանակ հենց զինված ուժերն են լինելու երկրի անվտանգության հիմնական երաշխավորը:

Նիկոլ Փաշինյանի երեկվա տեսաուղերձը իշխանության էլիտայի մտածողության, վարքագծային հեղափոխության ազդակ էր. Հայաստանի վարչապետն` սեփական ընտանիքի օրինակով, հրաժարվում է արտոնությունների համակարգից, հասարակության հետ անմիջականորեն մասնակցում է երկրի պաշտպանության գործին` միևնույն

ժամանակ, մեծացնելով իր պատասխանատվությունը խաղաղության ապահովման հարցում:

Որևէ նախարար, պատգամավոր, պաշտոնյա կամ գործարար, ովքեր կփորձեն տարբեր պատրվակներով իրենց որդիներին ազատել զինվորական ծառայությունից` իրենց դուրս կդնեն նոր Հայաստանի կառուցման համակարգից` կամա թե ակամա կառչած մնալով արտոնությունների համակարգից, հին Հայաստանի բարքերից, որոնց դեմ էլ ուղղված էր թավշյա հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը նաև քաղաքական կարևոր բաղադրիչ ուներ, որն արձանագրում էր Հայաստանի ու Արցախի միասնականությունը, նոր իշխանության հաստատակամությունը` մինչև վերջ հետևողական լինել արցախահայության ինքնորոշման իրավունքի և անվտանգության ապահովման հարցերում: Սրանով ի դերև եղան այն էժանագին քարոզչական հնարքները, թե Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ռիսկեր են առաջանում կարգավորման գործընթացում և Արցախի անվտանգության համար: Ավելին, թավշյա հեղափոխությունը Հայաստանի և Արցախի միասնությունը զերծ պահեց, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի ծանր ստվերից:

Մեկ ամիս հետո մեկնարկում է հերթական զորակոչն` առաջինը թավշյա հեղափոխությունից հետո: Մեր բանակը ստանալու է հասարակական նոր գիտակցության և կոնսոլիդացիայի հզոր ազդակները:

Իմ կոչը արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան 26 мая 2018 г.

http://www.1in.am/2359968.html

Be the first to comment on "Վարչապետի հուզիչ ուղերձը՝ մի քանի կարևոր ազդակներով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ