«Պատմությունը չէր լինի, եթե Սերժիկն իրեն անշնորհք չպահեր…». Նորակերտում անչափահասի են դանակահարել, «շպալով» մարդկանց գլուխ ջարդել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Եսայանի և Վաչագան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին 28-ամյա Հովհաննես Եսայանին և անչափահաս՝ 17-ամյա Վաչագան Հակոբյանին մեղադրանք էր առաջարվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Հովհաննեսն ու Վաչագանը միջադեպին մասնակցել են որպես «հակառակորդ» կողմեր, նրանց գործողություններից տուժածները տարբեր մարդիկ են:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

2016 թվականի սեպտեմբերի 28-ին Հովհաննես Եսայանի մայրը կորցրել է իր բջջային հեռախոսը: Համագյուղացիներից մեկը գտել է հեռախոսը, տարել է գյուղապետարան և հանձնել է համայնքի ղեկավարի տեղակալ Սերժիկ Հակոբյանին, որպեսզի վերջինս փոխանցի հեռախոսի տիրոջը:

Սերժիկ Հակոբյանը զանգել է հեռախոսի մեջ եղած համարներից մեկով, կապվել է Հովհաննեսի եղբոր՝ Գագիկի հետ, հայտնել է, որ հեռախոսն իր մոտ է, կարող են գնալ ու վերցնել:

Գագիկը սխալ է հասկացել Սերժիկի ասածը՝ մտածելով, թե վերջինս հեռախոսը պետք է բերի իրենց տուն: Որոշ ժամանակ անց Գագիկը զանգել է Սերժիկին ու հարցրել է՝ վերջապես ե՞րբ է հեռախոսը իրենց տուն տանելու: Սերժիկը վիրավորվել ու բարկացել է Գագիկի վրա, վիրավորական խոսքեր է ասել:

Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում Սերժիկ Հակոբյանը Գագիկենց տան մոտով անցնելիս կանգ է առել ու վեճի է բռնվել Գագիկի հետ՝ պահանջելով իր հետ նման տոնով չխոսել: Սերժիկը գրպանից հանել է իրեն փոխանցված հեռախոսն ու ասելով, թե իրեն այն պետք չի՝ նետել է Գագիկենց տան ուղղությամբ, ինչի հետևանքով հեռախոսը վնասվել է:

Այս վիճաբանությունը մի քանի րոպե է տևել, հարևանների միջամտությամբ այն դադարեցվել է, Սերժիկ Հակոբյանը հեռացել է:

Հաջորդ օրը Հովհաննես Եսայանը հարազատներից իմացել է կատարվածի մասին, որոշել է հանդիպել Սերժիկ Հակոբյանին ու բացատրություն պահանջել եղբորը վիրավորելու համար:

Նույն օրը Հովհաննեսն իր բարեկամի՝ գործով տուժող Հակոբի հետ, վերջինիս «Օպել» մեքենայով գնացել է Նորակերտ գյուղ, զանգել է Սերժիկ Հակոբյանին ու առաջարկել է հանդիպել:

Վերջինս ասել է, թե գյուղում չէ, երբ վերադառնա՝ կհանդիպեն:

Սակայն գյուղ վերադառնալով՝ Սերժիկ Հակոբյանը չի գնացել Հովհաննես Եսայանի հայրական տուն: Ժամը 20-ի սահմաններում Հովհաննեսն ընկերոջ մեքենայով գնացել է Սերժիկ Հակոբյանի տան մոտ:

Հովհաննեսն իջել է մեքենայից, հանդիպել է Սերժիկին: Վերջինիս տան դիմաց՝ փողոցում սկսել են խոսել: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության: Փոխադարձ հայհոյանքներ են տվել, ապա Հովհաննես Եսայանը, ըստ դատական ակտի, իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է Սերժիկ Հակոբյանի կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի հարկրծոսկրային գծով 7-րդ կողի շրջանին և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի՝ միջին անութային գծով 9-րդ կողի շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դրանից հետո Սերժիկ Հակոբյանի եղբորորդի Վաչագան Հակոբյանը, վերջինիս ընկեր Հովհաննես Տաշչյանը, ովքեր Սերժիկ Հակոբյանի տան հարևանությամբ ապրող Վաչագանենց տան մուտքի մոտ էին, աղմուկ լսելով՝ օգնության են հասել Սերժիկ Հակոբյանին:

Հովհաննես Եսայանը, ըստ դատական ակտի, կռվի է բռնվել դպրոցական տղաների հետ և ձեռքի դանակով հարվածներ է հասցրել անչափահաս՝ 17-ամյա Հովհաննես Տաշչյանի ձախ դաստակին ու կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ թոքի վնասումով և հեմոպնևմոթորաքսով:

Հովհաննես Եսայանը, ըստ դատական ակտի, նույն դանակով հարվածել է նաև անչափահաս՝ 17-ամյա Վաչագան Հակոբյանի ձախ ուսագոտու դրսային մակերեսին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող քերծվածքներ:

Դանակի «բազմակողմանի» գործադրումից հետո Հովհաննես Եսայանը նստել է Հակոբի մեքենան, որ հեռանան: Սակայն Վաչագան, Սերժիկ Հակոբյանները, ինչպես նաև վերջիններիս տներից դուրս եկած հարազատները սկսել են քարերով ու ոտքերով հարվածելով՝ վնասել Հակոբի մեքենան:

Հակոբն իջել է մեքենայից, մոտեցել է Վաչագանին, որ հորդորի՝ չխփեն մեքենային: Վաչագան Հակոբյանը, ըստ դատական ակտի, իր ձեռքին եղած բետոնե սյան կտորով հարվածներ է հասցրել մեքենայի աջակողմյան դռանը, վնասել է դուռն ու ապակին: Հակոբը հրել է Վաչագանին, պահանջել է մեքենան չվնասել:

Այդ ժամանակ, ըստ դատական ակտի, 17-ամյա Վաչագանն իր ձեռքի բետոնե սյան կտորով՝ «շպալով» հարվածել է Հակոբի գլխին ու գլխուղեղի սալջարդի՝ ենթակեղևային կոնտուզիոն օջախի, ճակատոսկրի ներհրված կոտրվածքի, ճակատոսկրի վերին ու ստորին պատերի բեկորային, տեղախախտով կոտրվածքների ձևով նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Եսայանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ հարազատները պատմել են՝ մոր կորած հեռախոսը եղել է Սերժիկ Հակոբյանի մոտ, ով զանգել է իրենց տուն ու եղբորն ասել է, թե կարող են գնալ հեռախոսը վերցնելու: Եղբայրը սխալ է հասկացել՝ մտածել է՝ Սերժիկն անձամբ հեռախոսը պիտի տանի իրենց տուն, բայց Սերժիկը նրան կոպտել ու ասել է. «Ա՛յ թուլա, համ հեռախոսը գտնեմ, համ էլ բերեմ տա՞մ»: Եղբայրն էլ վիրավորվել ու ասել է, թե հեռախոսն իրենց պետք չի, թող Սերժիկը պահի իրեն: Գիշերը ուշ ժամի Սերժիկը իրենց տուն է գնացել, հայհոյանքներ է տվել: Նա խմած է եղել, հեռախոսը ջղայնացած նետել է բակում ու ջարդել է:

Ինքը որոշել է խոսել Սերժիկի հետ: Զանգել է իր հորաքրոջ աղջկա ամուսին Հակոբին, խնդրել է, որ նա մեքենայով իրեն տանի Նորակերտ:

Գնացել է Սերժիկի տուն, որ նրան տեսնի, հետը խոսի: Զանգել է, նա ասել է, թե գյուղում չի, կվերադառնա, կհանդիպեն: Նա ուշացել է, ինքը նորից է զանգել, նա ասել է, թե գնում է տուն: Ինքը Հակոբի մեքենայով գնացել է նրա տան մոտ:

Սերժիկը իր զանգով տանից դուրս է եկել: Տան մոտ էլ խոսել են: Ինքը հարցրել է՝ ի՞նչ իրավունքով է նա իրենց տուն մտել ու «քֆուր» տվել: Սերժիկն իր «դոշերը հավաքել է»: Այդ ժամանակ մի քանի հոգի մոտեցել են: Իրեն հարվածներ են հասցրել: Ինքն ընկել է, տեսել է՝ Հակոբն էլ է ընկած: Ինքը բաճկոնի գրպանում «ծանրություն է զգացել», շոշափել, տեսել է՝ դանակ է: Հանել է այդ ծալովի դանակը, բացել, աջ ու ձախ է տարել, որ ընկած Հակոբին կարողանա բարձրացնել, ու փախչեն այդտեղից: Մոտեցել է Հակոբին, նրա հետ նստել է մեքենա:

Մինչ այդ՝ ինքը դանակը ձեռքին՝ ասում էր՝ մոտ չգաք, թողեք գնանք: Երբ մեքենա է նստել, աջ կողմից մի մեծ բանով՝ երևի՝ քարով, հարվածել են մեքենայի ապակուն: Տարբեր բաներով հարվածել են մեքենային: Իրենք մի կերպ փախել ու գյուղից դուրս են եկել: Երբ հասել են «Դավիթանոցի»՝ «Վան» ռեստորանի մոտ՝ ինքը զանգել է Հակոբի եղբորը, ասել է, որ կռիվ են արել, Հակոբն իրեն վատ է զգում, մեքենան ջարդել են: Հակոբի եղբայրը եկել, իրենց տարել է հիվանդանոց: Հիվանդանոց են բերել նաև Սերժիկին ու մի երեխայի: Հիվանդանոցում է ինքն իմացել է, որ իր՝ դանակով պաշտպանվելու ժամանակ դանակը դիպել էր նրանց: Ինքը ոչ մեկին դիտավորյալ չի հարվածել, չի ցանկացել վնասվածք պատճառել՝ «գժված ու շոկային վիճակում է եղել»: Հավաքվածները «շպալով» խփել են Հակոբի գլխին, ինքը ցանկացել է նրան պաշտպանել, իր նպատակը մարդու կյանքը փրկելն է եղել… «Պատմությունը չէր լինի, եթե Սերժիկն իրեն անշնորհք չպահեր…»:

Երկրորդ ամբաստանյալը՝ Վաչագան Հակոբյանը, նույնպես մեղադրանքը չի ընդունել: Նա հայտնել է, որ սովորում է գյուղի դպրոցի 12-րդ դասարանում: Դեպքի պահին ինքն ու ընկերը՝ Հովհաննես Տաշչյանը, կանգնած էին իրենց դարպասի մոտ: Սերժիկ Հակոբյանն իր հորեղբայրն է, ապրում է իրենց հարևանությամբ: Ինքը լսել է հորեղբոր ձայնը. «Ախ, խփեցի՞ր»:

Հովհաննեսի հետ արագ գնացել է ձայնի ուղղությամբ: Դեռ չմոտեցած՝ տեսել է, որ Սերժիկն արյունոտ ընկած է գետնին: Նկատել է, որ խաչմերուկի վրա մի «Օպել» է կանգնած: Երբ ինքը մոտեցել է Սերժիկին, երկու տղա ցանկացել են գնալ դեպի «Օպելը»: Երբ ինքը փորձել է օգնել Սերժիկին, այդ երկուսից մեկը՝ Հակոբը, բռունցքով հարվածել է իր ձախ ականջի շրջանին: Ինքն ընկել է: Հովհաննես Եսայանը փորձել է դանակով հարվածել իրեն: Ինքը կողքի է շրջվել, հարվածը դիպել է իր ձախ թիկունքին: Ընկած տեղից ինքը քար է վերցրել ու շպրտել է նրանց ուղղությամբ: Հետո մոտեցել են իրար, խառը հարվածներ են հասցրել: Ինքը կոնկրետ մեքենային չի հարվածել, բայց երբ քարը շպրտել է, հնարավոր է՝ քարը դիպել է մեքենային: Հետո լսել է, որ իր ընկեր Հովոն գոռաց՝ ախ, ինձ էլ են խփել: Ինքը գնացել է նրա մոտ, օգնել է՝ տուն է տարել:

Տեսել է, որ տանը շատ մարդ կա՝ Սերժիկին օգնություն են ցույց տալիս: Երբ Սերժիկի ու Հովհաննեսի վիճակը վատացել է, միանգամից գնացել են հիվանդանոց…

Դատարանը Հովհաննես Եսայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 30-ից:

Վաչագան Հակոբյանին նույնպես դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, այդ պատժին հաշվակցվել է Վաչագանի կողմից անազատության մեջ գտնվելու ժամանակը, վերջնական պատիժ է սահմանվել 2 տարի 10 ամիս 19 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի նրան արգելանքի տակ առնելու պահից, եթե այս դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի:

Ամբաստանյալ Վաչագան Հակոբյանից հօգուտ տուժող Հակոբի՝ կբռնագանձվի 1 միլիոն 83 հազար 427 դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառած նյութական վնասի հատուցում:

Be the first to comment on "«Պատմությունը չէր լինի, եթե Սերժիկն իրեն անշնորհք չպահեր…». Նորակերտում անչափահասի են դանակահարել, «շպալով» մարդկանց գլուխ ջարդել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ