Կոտայք գյուղում 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի և վրաանցման է ենթարկել 37-ամյա տղամարդուն՝ ջնջխելով գլուխն ու ամբողջ մարմինը. Տեսանյութ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աղվան Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

1934 թվականին ծնված՝ 83-ամյա Աղվան Ն.-ին մեղադրանք է առաջադրվել մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 12-ի առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ- 53» մեքենայով Աղվան Ն.-ն ընթացել է Կոտայքի մարզի Կոտայք գյուղի Կենտրոնական փողոցով դեպի Ակունք գյուղ: Իր առջև՝ նույն ուղղության երթևեկելի ուղեմասում կանգնած «Գազելի» և հետիոտն Զավեն Մ.-ի առկայության պայմաններում, ըստ մեղադրանքի, Աղվան Ն.-ն միջոցներ չի ձեռնարկել իր վարած մեքենան կանգնեցնելու կամ անվտանգ մանևրումով «Գազելն» ու հետիոտնին շրջանցելու համար, տեխնիկապես ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում վրաերթի է ենթարկել Զավեն Մ.-ին ու առաջացրել է նրա մահը: Աղվան Ն.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Դատարանում նա հրաժարվել է ցուցմունք տալուց, իսկ նախաքննության ժամանակ հայտնել է, թե դեպքի օրը՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին, առավոտյան ժամը 6-ի սահմաններում իր տղայի հետ իր բնակության վայրից իրեն պատկանող «ԳԱԶ- 53» մեքենան վարելով՝ ուղևորվել է Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում գտնվող ավազի հանք՝ մեքենան ավազով բեռնելու նպատակով: Բեռնել է, ապա ուղևորվել է Կոտայքի մարզի Զառ գյուղ: Հասնելով Կոտայք գյուղի Կենտրոնական փողոց՝ մեքենան վարել է 15-20 կմ/ժ արագությամբ, ճանապարհի եզրից 1-1,5 մետր հեռավորության վրա: Չհասած մթերային խանութին՝ նկատել է խանութի դիմաց, իր երթևեկության ուղղությամբ, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա կանգնած «Գազել» մեքենան: Մոտ հինգ մետր առաջանալով՝ նկատել է նաև «Գազելից» իջնող վարորդին:

Վերջինս կանգնել է «Գազելի»՝ վարորդի կողմի հետևի անվադողի մոտ ու սպասել է, որ իր մեքենան անցնի: Ինքը հասել է այդ անձին ու շարունակել է երթևեկությունը, անցել է մոտ 15 մետր տարածություն, երբ պատահական անցորդները գոռացել են, որ կանգնի: Երբ ինքն անցնում էր «Գազելի» կողքին կանգնած մարդու մոտով, զգացել է, որ իր մեքենան ինչ-որ բանի դիպավ: Մեքենան կանգնեցրել, հետ է նայել ու տեսել է գետնին պառկած մարդու: Մոտեցել է նրան ու հասկացել է, որ մեքենայով նրան վրաերթի է ենթարկել:

Սկզբում փորձել է շտապօգնություն կանչել, բայց հետո իր կյանքին սպառնացող վտանգ է զգացել, հետ է կանչել իր որդուն, ով նույնպես մոտեցել էր ընկածին, գնացել են դեպի իր մեքենան, այն վարելով՝ հեռացել, գնացել է տուն: Մեքենան կայանել է իր տան մոտ: Ապա գնացել է ոստիկանություն… Ինքը 40 տարվա մեքենա վարելու փորձ ունի, դեպքի պահին մտածել է, թե «Գազելի» ու նրա մոտ կանգնած անձի մոտով անվտանգ կանցնի: Եթե այդպես չմտածեր, չէր անցնի ու վրաերթ թույլ չէր տա…

Տուժողի իրավահաջորդ Մաթևոս Մ.-ն հայտնել է, թե դեպքի օրը աշխատավայրից տուն գնալու ճանապարհին հանդիպել է ընկերոջը, ով ասել է, թե դեպք է եղել, իր որդուն՝ Զավենին տեղափոխել են հիվանդանոց: Ինքը հիվանդանոց է գնացել ու իմացել, որ որդին վրաերթի է ենթարկվել և մահացել: Դեպքից հետո Աղվան Ն.-ն կամ նրա հարազատներն իրեն չեն հանդիպել, որևէ օգնություն չեն ցուցաբերել: Ինքը բողոքում ու պահանջում է Աղվան Ն.-ին դատապարտել օրենքով նախատեսված խիստ պատժի: Տուժող Զավեն Մ.-ն իր վարած «Գազելով» զբաղվում էր բեռնափոխադրումներով, նա 37 տարեկան էր: Գործով վկա Աղասի Ս.-ն վարերթը տեսել է դեպքի վայրի անմիջական հարևանությամբ գտնվող իր մթերային խանութից: Նա տեսել է, որ իր համագյուղացի Զավենը կանգնած է խանութի դիմացի հատվածում կայանած «Գազելի» հետնամասի ձախ անվադողի մոտ: Այդ ժամանակ նրա կողքով անցել է «ԳԱԶ-53» մեքենան ու աջ կողմով հարվածել է Զավենին: Վերջինս ընկել է: Վկան դուրս է եկել խանութից, տեսել է, որ Զավենի գլուխն ամբողջությամբ վնասված է: Այդ պահին մոտեցել է վրաերթ կատարած մեքենայի տարեց վարորդը, խնդրել է շտապօգնություն կանչել:

Տեսնելով, որ Զավենը մահացած է, այդ վարորդը նստել է իր մեքենան ու հեռացել է: Պատահական մեքենայով Զավենին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա մահացած էր: Խանութում տեղադրված տեսանկարահանող սարքը ամբողջությամբ ֆիքսել է վրաերթի պահը…

«ԳԱԶ-53»-ի հարվածից տուժողի գլուխը ջնջխվել է, նա ստացել է գանգուղեղային բաց վնասվածքներ՝ գանգի թաղի ու հիմի ոսկրերի բազմաթիվ բազմաբեկոր տեղաշարժված կոտրվածքներ, ուղեղի թաղանթների, ուղեղանյութի վնասումներով: Երբ տուժողը վայր է ընկել, ծանր բեռնատարը վրաանցում է կատարել՝ ծանր վնասվածքներ պատճառելով նրա կենսական կարևոր օրգաններին… Դատարանը Աղվան Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 1 տարի իրական ազատազրկման՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցը բավարարվել է մասնակիորեն՝ 2 միլիոն 35 հազար դրամի չափով:

Մնացած մասով քաղհայցը թողնվել է առանց քննության: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով Աղվան Ն.-ին իրական ազատազրկման չդատապարտել, պատիժը մեղմացնել և պայմանական դատապարտություն կիրառել:

http://zham.am/?p=23791&l=am

Be the first to comment on "Կոտայք գյուղում 83–ամյա վարորդը բեռնատարով վրաերթի և վրաանցման է ենթարկել 37-ամյա տղամարդուն՝ ջնջխելով գլուխն ու ամբողջ մարմինը. Տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ